Վենսի այցի շրջանակներում կքննարկվի նաև Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ մաքսատուրքի հարցը. Պապոյան
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի շրջանակներում կքննարկվի նաև Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու հարցը: Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մոտավորապես 50 մլն դոլարի արտահանում ենք ունեցել նախորդ տարի ԱՄՆ–ի հետ և բնականաբար, այնտեղ ապրանքներ կան, որոնք էական չափով իրենց մրցունակությունը կկորցնեն, եթե մաքսատուրքը 10–ից դառնա 25։ Բայց, ես գոնե մամուլից եմ իմացել դրա մասին, Էկոնոմիկայի նախարարությունը որևէ բան չի ստացել ԱՄՆ–ի կողմից։ Երկրորդը, կտեսնենք, թե իմպլեմենտացիան ոնց կլինի, բնականաբար, գործընկեր երկրների հետ քննարկումներ տեղի կունենան։ Վենսի հետ բոլոր հարցերը կքննարկվեն։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ օրակարգում ավելի կարևոր ու ավելի հետաքրքիր հարցեր կան։ Դա էլ է կարևոր, բայց ավելի կարևոր հարցեր կան»,–ասաց նա։
Նշենք, որ ԱՄՆ նախագահը Օմանում իրանական կողմի հետ բանակցություններից հետո փետրվարի 7-ին հրամանագիր է ստորագրել որով լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների համար:
Հարևան երկիրը Հայաստանի չորրորդ ամենամեծ առևտրային գործընկերն է:



