ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վարկերն աճել են 16 տոկոսով, ավանդների աճը գերազանցել է վարկերի աճին. Գալստյան

Վարկերն աճել են 16 տոկոսով, ավանդների աճը գերազանցել է վարկերի աճին. Գալստյան

Հայաստանում 2022 թվականին վարկերն աճել են 16 տոկոսով, ընդ որում՝ նվազել է չաշխատող վարկերի կշիռը, իսկ ավանդներն աճել են առանջանցիկ տեմպերով: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Ֆինանսական կայունության հաշվետվությունը ներկայացնելիս Գալստյանը հայտնեց, որ աշխարհաքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված՝ բարձր անորոշությունների միջավայրում 2022-ին Հայաստանի ֆինանսական համակարգն ապահովել է ֆինանսական միջնորդության գործառույթի բավականին բնականոն ընթացք: 

«Տարվա ընթացքում վարկային շուկայում արձանագրվել է ակտիվության աճ, վարկերն աճել են շուրջ 16 տոկոսով, ինչը համադրելի է եղել 2020 թ-ին նախորդող մինչկորոնավիրուսային տարիների միջին աճի տեմպերին: Միևնույն ժամանակ, բարձր տնտեսական աճի պայմաններում վարկերի համեմատ ավանդներն առաջանցիկ են աճել: Այսինքն՝ Հայաստանի ֆինանսական համակարգ ոչ ռեզիդենտ հանդիսացող սուբյեկտների մուտքով պայմանավորված՝ ունենք մի իրավիճակ, երբ ավանդների աճը գերազանցել է մեր վարկերի աճին»,-ասաց Գալստյանը:

 

Վարկային շուկայում ակտիվության աճը նկատելի է եղել վարկավորման բոլոր ուղղություններով: Սպառողական, գյուղ և բիզնես վարկերի գծով տարեվերջին գրանցվել են 10-12 տոկոս աճի տեմպեր, իսկ հիփոթեքային վարկերի գծով պահպանվել են նախորդ տարիների բարձր աճի տեմպերը: ԿԲ նախագահի խոսքով՝ տնտեսական բարձր աճի պայմաններում վարկավորման աճն ուղեկցվել է նաև վարկային պորտֆելի որակի բարելավմամբ: Չաշխատող վարկերի տեսակարար կշիռը շարունակում է ցածր մնալ՝ թե իր երկարաժամկետ միջինից, թե նախքան համավարակի շոկը գրանցված մակարդակներից:

ԿԲ նախագահը նաև հայտնեց, որ նախորդ տարիների տևական ժամանակահատվածի ընթացքում արձանագրված ցածր շահութաբերությունների համեմատությամբ՝ 2022-ին բանկային համակարգի շահութաբերությունն էականորեն բարելավվել է:

«Նախորդ և ընթացիկ տարիներին բարձր գնաճային միջավայրով և սպասումներով պայմանավորված՝ քաղաքականության տոկոսադրույքի էական բարձրացման պայմաններում առկա և նոր տրամադրվող վարկերի տոկոսադրույքների աճը հարաբերական փոքր է եղել:  Բանկերի շահութաբերության, կապիտալազինվածության և իրացվելիության բարձր մակարդակը հնարավորություն է ընձեռել նրանց ձեռնպահ մնալ վարկերի տոկոսադրույքների մեծ չափով բարձրացման ուղղությամբ ճշգրտումներից: Բացի այդ՝ վարկային տոկոսադրույքների աճի մեղմմանը նպաստել է նաև բանկերի միջև առկա բարձր մրցակցությունը և տարվա ընթացքում մեծածավալ ֆինանսական միջոցների ներհոսքը բանկային համակարգ: Արդյունքում, տարվա ընթացքում վարկերի սպասարկման ծախսերի աճը չափավոր է եղել, իսկ վարկերի սպասարկման բեռը՝ նվազել»,-ասաց Գալստյանը:

  • Կիսվել: