հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վարչապետին են ներկայացվել Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022թ. աշխատանքային գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

Վարչապետին են ներկայացվել Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022թ. աշխատանքային գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Գյումրիում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և պաշտոնատար այլ անձինք:

Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի վերաբերյալ նշվել է, որ աճը 2021 թվականի համեմատ 2022 թ.-ին կազմել է 16.3 տոկոս. 2022թ.-ին փաստացի հավաքագրվել է 3 մլրդ 346.3 մլն դրամ:

Տեղեկատվություն է ներկայացվել 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 203 ծրագիր, 435 ենթածրագիր: Այդ ժամանակահատվածում իրականացված 175 ծրագրերի համար, ընդհանուր առմամբ, հատկացել է 8.9 մլրդ դրամ: Մասնավորապես, իրականացվել են հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝ ջրամատակարարում/ջրահեռացում, ասֆալտապատում, գազիֆիկացում, մանկապարտեզների, հասարակական շենքերի նորոգում, մեքենասարքավորումների ձեռքբերում և այլն: 2023 թվականի համար հաստատվել է 32 ծրագիր, 130 ենթածրագիր՝ 9 մլրդ 500 մլն դրամի:

Մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 210 հազար 976 հա, որից 15 հազար հա-ն՝ ոռոգվող: 76 հազար հեկտար ցանքատարածություններից մշակվել է 46 հազար 084 հա հողատարածք, ինչը 5 հազար հեկտարով ավելի է 2021 թվականի համեմատ: Հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացվել են, մասնավորապես՝ 3,8 մլրդ դրամի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, 1 մլրդ 302 մլն դրամի ցորենի արտադրության ծրագիր, 32 մլն դրամի տավարաբուծության ծրագիր, 123.4 մլն դրամի գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ և այլն: Նախորդ տարվա ընթացքում ապահովագրվել է 1700 հեկտար այգի, 2021-ի 1400 հա-ի համեմատ:

Քաղաքաշինության ոլորտում 2022 թվականի ընթացքում պետական բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով իրականացվել են 23 մլրդ 725 մլն դրամի կապիտալ ներդրումներ: Մասնավորապես՝ բնակարանաշինության ոլորտում իրականացվել է 2.7 մլրդ դրամի ներդրում, կրթական, մշակութային և մարզական օբյեկտների շինարարություն՝ 2.9 մլրդ դրամի, ջրամատակարարում և ջրահեռացում՝ 1.9 մլրդ դրամի, ճանապարհաշինություն՝ 7.8 մլրդ դրամի, գազամատակարարում՝ 486.7 մլն դրամի և այլն:

Հաշվետու ժամանակահատվածում ճանապարհաշինության ոլորտում իրականացվել են 62 կմ միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, որից 51.78-ը՝ հանրապետական նշանակության: Ընթացքի մեջ է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը, ընթացքի մեջ են Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման շինաշխատանքները:

Մարզում գործում է 27 բժշկական հաստատություն, որից 6-ը մատուցում է հիվանդանոցային, 22-ը՝ արտահիվանդանոցային ծառայություն, 1-ը՝ շտապ բուժական օգնության կայան է։ Բժշկական հաստատություններից 15-ը գտնվում է լավ վիճակում, վերանորոգման կարիք ունի 7-ը, իսկ վերակառուցման կարիք՝ 5-ը: Վերջիններս վերակառուցման աշխատանքներն ընդգրկված են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում և այդ նպատակով կհատկացվի ավելի քան 2 մլրդ դրամ:

Շիրակի մարզում գործում է նախադպրոցական կրթության 124 հաստատություն, որտեղ հաճախում է 5425 երեխա: 2018-2022 թթ. կառուցվել է 6, նորոգվել 2, վերակառուցվել 11, հիմնանորոգվել 1 մանկապարտեզ: 2023 թ. կառուցվում է 9, նորոգվում 10, վերակառուցվում 1, հիմնանորոգվում 7 մանկապարտեզ: Տարածքի բարեկարգման աշխատանքներ են իրականացվում 10 մանկապարտեզում, գույք է ձեռք բերվել 23 մանկապարտեզի համար:

Մարզում առկա դպրոցներից 49-ի շենքային վիճակը գնահատվում է բավարար, իսկ 91-ն ունի վերանորոգման կարիք: Հիմնանորոգման, կառուցման կարիք ունի 22 դպրոց, մարզադահլիճի կառուցման՝ 32 դպրոց: Նախորդ տարվա ընթացքում սկսվել են երեք մոդուլային դպրոցների կառուցման աշխատանքները: Պարտադիր ատեստավորում է անցել 1124 ուսուցիչ, կամավոր՝ 156: Նախորդ տարվա ընթացքում բարելավվել են 22 դպրոցների շենքային պայմանները: Կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» կառուցելու ծրագրի շրջանակում Շիրակի մարզում ընթացքի մեջ են 5 դպրոցների և 15 մանկապարտեզների կառուցման ծրագրերը:

Անդրադարձ է կատարվել Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքներին, որոնց արդյունքում նախատեսվում է ոռոգել 23 հազար հեկտար հողատարածք: Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերաբնակեցնել Ջրաձոր բնակավայրի ընտանիքներ, նոր գյուղի կառուցման շինաշխատանքները մեկնարկել են:

Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության, մշակույթի և սպորտի բնագավառում զարգացումներին:

Զեկուցվել է, որ տարբեր ծրագրերի շրջանակում Շիրակի մարզում կապիտալ ներդրումները հասնում են 60 մլրդ դրամի:

Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետը նախ անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտի զարգացումներին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բուսաբուծության և անասնապահության նախկին անարդյունավետ ձևերը պակաս մրցունակ են, գյուղացիները պետք է ժամանակակից գյուղատնտեսության ծրագրերից օգտվեն, որոնք իրականացնում է Կառավարությունը: «Մենք պետք է քաջալերենք բարձր գնային սեգմենտի մշակաբույսերի արտադրությունը»,- ասել է գործադիրի ղեկավարը: Վարչապետը կարևորել է նաև սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը, սպանդանոցների գործունեության խթանումը:

Վարչապետը հետաքրքրվել է նաև գործազուրկների և առկա աշխատատեղերի թվաքանակի վերաբերյալ և հանձնարարել, որպեսզի ակտիվ աշխատանքներ տարվեն վերապատրաստման ծրագրեր իրականացնելու և առկա աշխատատեղերին մարդկանց կարողությունները համապատասխանեցնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև առողջապահական հիմնարկների ֆինանսական կայունության ապահովման անհրաժեշտությունը: Վարչապետը, խոսելով մանկապարտեզների կառուցման մասին` անհրաժեշտ է համարել հանրապետությունում մսուր մանկապարտեզների ընդլայնումը: «Կրթության, առողջապահության ոլորտում որակյալ ներդրումների իրականացումը մեր առաջնահերթ խնդիրներից մեկն է»,- շեշտել է կառավարության ղեկավարը: 

  • Կիսվել: