հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը: Այն ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Նախ անդրադարձ է կատարվել անձի ֆունկցիոնալության գնահատման ներկայիս համակարգին, առկա խնդիրներին ու թերություններին, հաշմանդամության փորձաքննության գործընթացին, մատուցվող ծառայություններին, երաշխիքներին, ինչպես նաև սոցիալական պաշտպանությանը:

Նշվել է, որ հաշմանդամության քաղաքականության փոփոխության նոր մոդելը նախատեսում է առավել հասցեական մոտեցում ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց՝ հաշվի առնելով նաև ընտանիքների հնարավորություններն ու կարողությունները: Բացի այդ, նախատեսվում է Միասնական սոցիալական ներկայիս 34 ծառայությունների փոխարեն այդ թիվը հասցնել 49-ի, բարելավել վերջիններիս ենթակառուցվածքներն ու նյերգրավվել մասնագիտական նոր կարողություններ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել մոդելի ներդրման «ճանապարհային քարտեզ»-ին, ինչպես նաև նոր համակարգից ակնկալվող արդյունքներին: Զեկուցվել է, որ մոդելը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը:

Ամփոփելով քննարկումները՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց հանրային կյանքում ներգրավվածության ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումն ու հասցեական աջակցության ապահովումը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը հանձնարարել է խորհրդակցության ընթացքում ներկայացված գաղափարներն ու առաջարկությունները, որոնք միտված են մոդելի արդյունավետության բարձրացմանը, ներառել նախագծում՝ լրամշակելով այն:

  • Կիսվել: