ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Վաղ ամուսնության խնդիրը վերաբերվում է ոչ միայն եզդիական համայնքին. Բաքոյան

Վաղ ամուսնության խնդիրը վերաբերվում է ոչ միայն եզդիական համայնքին. Բաքոյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։ Բաքոյանն իր հեղինակած նախագիծը առաջին ընթերցմամբ ներկայացրեց Ազգային ժողովի լիագումար նիստում։

Նա հիշեցրեց, որ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքային շեմը 18 տարեկանն է, բայց կան բացառություններ, երբ 16 և 17 տարեկաններում անձը կարող է ամուսնանալ, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է: Նախագծով առաջարկվում է հանել բոլոր բացառությունները։

Պատգամավորը նշեց, որ վաղ ամուսնությունների խնդրով տարբեր ձևաչափով հանդիպումներ է անցկացրել քաղաքացիական հասարակության, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և իրավասու մարմինների հետ և չի եղել որևէ կողմ, որոնք դեմ են եղել այդ առաջարկին։

«Վաղ ամուսնության խնդրի մասին մեզ պարբերաբար բարձրաձայնում էին և մենք ուսումնասիրություններ սկսեցինք և արդյունքում հասկացանք և նկատեցինք, որ այստեղ խնդիրը ոչ միայն վերաբերվում է եզդիական համայնքին, այլ նաև Հայաստանի շատ մարզերում այս խնդիրը գոյություն ունի և շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում էինք։ Գրանցված ամուսնությունների թիվը 2018 թվականին 18-ն է, իսկ անչափահաս միայնակ մայրերի թիվը կազմել է 151, և այս տվյալները մինչև 2023 թվականը գրեթե նույն տեմպերով շարունակվում են»,-ասաց Բաքոյանը։

Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմը 18 տարեկան սահմանելը մեծամասամբ խնդիրը կկարգավորվի օրենսդրական դաշտում, սակայն միայն օրենսդրական կարգավորմամբ այն հնարավոր չէ լուծել։

«Այստեղ մեր կառավարության գործընկերները պետք է իրենց տիրույթում աշխատանքները հստակ կատարեն, որպեսզի մենք կարողանանք այս արատավոր երևույթը հանել մեր հասարակությունից»,-եզրափակեց Ռուստամ Բաքոյանը։

  • Կիսվել: