երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուժեղ պիտի լինի գլխացավը, որ դեղատոմսով դուրս գրվի․ վարչապետը կատակեց

Ուժեղ պիտի լինի գլխացավը, որ դեղատոմսով դուրս գրվի․ վարչապետը կատակեց

Կառավարությունը հերթական նիստի ժամանակ քննարկեց և ընդունեց էլեկտրոնային դեղատոմսի ներդրման հարցը։

ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ առաջարկվող փոփոխությունների միջոցով կենտրոնացված կարգով ձեռք բերված և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրված հակավարակային, հակաբիոտիկային, հակասնկային, հակավիրուսային դեղերի, հակամիկրոբակտերային, իմունային շիճուկների դեղերի մասով դեղատոմսերը դուրս են գրվելու էլեկտրոնային եղանակով, ինչը կբերի ինքնաբուժության նվազման, նպատակային բուժօգնության տրամադրման, բնակչության իրազեկվածության բարձրացման և վերահսկողության բարձրացմանը։

«Այս պահի տվյալ փոփոխությունը հնարավորություն է տալիս 470 անվանում դեղի, որից 375-ը անվճար և արտոնյալ պայմաններով է տրամադրվում, ինչպես նաև 75 կենտրոնացված կարգով դեղորայքների դուրս գրումը իրականացնել էլեկտրոնային եղանակով»,- մանրամասնեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ դեռ շարունակում են մնալ դեղամիջոցներ, որոնք կարող են գնվել ազատ վաճառքի միջոցով, ինչին ի պատասխան՝ Ջումանյանը նշեց․ «Դեղերի ընդհանուր թվաքանակից փակում ենք մոտ 20 տոկոս դեղորայքների ցանկը, որոնք պետք է դուրս գրվեն ընդհանուր դեղատոմսով, և հունվարի մեկից անցնելու ենք ամբողջ դեղորայքների դուրս գրմանը»։

Այս ամենից հետո 2025 թվականի հունվարի մեկից ևս 256 դեղ կտրամադրվի էլեկտրոնային դեղատոմսով։ Ընդհանուր կա 3370 գրանցված դեղանվանում, որից 2566-ը պետք է դուրս գրվեն դեղատոմսով։

Վարչապետը հետաքրքրվեց՝ ի՞նչ է սպասվելու 2025 թվականի փոփոխությունից հետո:

«Ոչինչ չի սպասվում, քանի որ արդեն մնում են այն դեղորայքները, որոնք պարտադիր չէ, որ լինեն դեղատոմսերով, կան գլխացավի դեղեր, որոնք դեղատոմսով են դուրս բերվում, կան՝ առանց դրա»,- ներկայացրեց փոխնախարարը։

Նիկոլ Փաշինյանն էլ կատակեց. «Շատ ուժեղ պետք է լինի գլխացավը, փաստորեն, որ դեղատոմսով դուրս գրվի»։

Ջումանյանն էլ ընդգծեց, որ, օրինակ, գլխացավի դեղերի տարբերությունը ազդող նյութերից ու քանակից է:

  • Կիսվել: