շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուղեվարձը չպետք է գերազանցի 100 դրամը եւ փաթեթները չպետք է ուղեւորությունների մասով սահմանափակում ունենան. Զարոկյան

Ուղեվարձը չպետք է գերազանցի 100 դրամը եւ փաթեթները չպետք է ուղեւորությունների մասով սահմանափակում ունենան. Զարոկյան

Դուք սովորական նվազագույն ստանդարտներ չունեք այս քաղաքը ղեկավարելու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց  «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ անդրադառնալով հողամասի նշանակությունը փոխելու վերաբերյալ հարցերը չզեկուցվող դարձնելու եւ անցկացնելու հարցին:

Նա հիշեցրեց, որ ընդունված չզեկուցվող հարցերից մեկով ավագանին թույլ տվեց Չարբախում 20 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի վրա երկու հարկանի տուն կառուցել, ինչը ոչ միայն կոռուպցիայի տարրեր է պարունակում, այլև գաղտնի է արվել և ավագանու անդամները մանրամասներից տեղյակ չեն։

«Այստեղ որտե՞ղ է այդ գոտիավորումը: Գոտիավորեք այդ 30 հեկտար տարածքը, ու որոշեք, թե քանի հարկանի տուն եք այդտեղ թույլ տալու կառուցել, ինչքա՞ն մանկապարտեզ կա, որ կարող է այդքան բնակելի շենքի հմապատասխանի, կամ ճանապարհները, պարկինգները համապատասխանեն: Գոտիավորեք այդ 30 հեկտար տարածքը, որ նախապես իմանանք՝ այդտեղ 2, 3, թե  20 հարկանի տուն ենք ունենալու: Սենց գյուղավարի քաղաք չեք կարող ղեկավարել»,-ասաց նա:

Անդրադառնալով քաղաքային տրանսպորտի թանկացման նախագծին՝ Զարոկյանն ասաց, որ  չկա երկիր, որը սուբսիդիա չի տրամադրում տրանսպորտի ոլորտին. «Երկու հիմնական պատճառ կա, որ սուբսիդավորվում է. առաջինը, որովհետև տրանսպորտը հանրային է և նպաստում է մաքուր օդին, խցանումներն է պակասեցնում, ապահովությունը շատացնում է, որ որ վթարներ չլինեն և այն պետության վրա ավելի քիչ է նստում, քան  սուբսիդիան, որը հատկացվում է։ Երկրորդ պատճառն այն է, որ բոլորը չէ, որ կարող են մեքենա ունենալ: Պետություն ը պարտավոր է սուբսիդավորի տրանսպորտը իրենց համար:

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամը հայտնեց, որ իրենք կողմ են, որ ուղեվարձը չպետք է գերազանցի 100 դրամը եւ փաթեթները չպետք է ուղեւորությունների մասով սահմանափակում ունենան. «Մի քաղաք գիտե՞ք, որ նման սահմանափակումներ ունի: ՔՊ խմբակցության անդամներն ընդհանրապես քննարկումներ ունենո՞ւմ եք իրար հետ, թե մանկապարտեզի երեխեքի պես գալիս միայն կոճակ եք սեղմում, նստեք իրար հետ զրուցեք, մասնագետ չունեք՝  մասնագետ բերեք»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը կոռեկտության կոչ արեց Զարոկյանին. Վերջինս արձագանքեց. «Հերիքը ո՞րն է։ Այստեղ քաղաքի հարցեր եք ուզում լուծել, թե կոճակ սեղմեք»։

  • Կիսվել: