շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թվային տնտեսությունը փոխում է մեր կենսակերպը, բիզնես անելու եղանակները․ Մարտին Գալստյան

Թվային տնտեսությունը փոխում է մեր կենսակերպը, բիզնես անելու եղանակները․ Մարտին Գալստյան

Թվային տնտեսությունը փոխում է մեր կենսակերպը, բիզնես անելու եղանակները, և բոլորի պես մենք էլ ենք հետևում տեխնոլոգիական զարգացման արագ տեմպերին: Այս մասին ապրիլի 5-ին «Բացահայտելով թվային ապագան» խորագրով առաջին Doing Digital Forum-ի ընթացքում ասաց Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Հույս ունենք, որ արագընթաց տեխնոլոգիական բեկումները թույլ կտան մեր հասարակությանն ավելի արդյունավետ ու ավելի բարգավաճ լինել: Իսկ զգուշավորությունը բխում է նրանից, որ այն կարող է խլել մարդկանց աշխատանքը և ամբողջ աշխարհը մեր ձեռքից: Մարդկանց նկատմամբ գերհսկողությունը կարող է հանգեցնել բարդ գործիքների կիրառման՝ առանց պատշաճ կարողունակությունների ստուգման: Եթե այս ամենը պատշաճ չկառավարվի, այն բաշխման սարսափելի հետևանքներ կունենա, որովհետև ընդամենը մի քանիսը կկարողանան տեխնոլոգիական առաջընթացից օգտվել»,- ասաց նա:

Մարտին Գալստյանի խոսքով՝ ԿԲ-ի կողմից ուշադրության արժանի երեք հիմնական կետերն են՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, ենթակառուցվածքների ստեղծումը, ինչը թույլ կտա ընկերություններին և տնային տնտեսություններին ավելի արդյունավետ լինել և տվյալները։

ԿԲ նախագահի խոսքով՝ Հայաստանը ներդրումներ է անում իր կիբեռանվտանգության կարողություններում և՛ համակարգերի, և՛ գործընթացների մասով։ 

«Մենք նախաձեռնել ենք մեր վճարային ենթակառուցվածքների վիճակի գնահատում: Մեր նպատակն է էլ ավելի ամրապնդել համակարգերը: Մենք այստեղ քննարկում ենք ծառայություն մատուցողներին ավելի մեծ դերակատարություն տալու և ռիսկերին դիմակայելու հնարավորություններ ընձեռելու հարցերը»,- ընդգծեց նա:

Նա նշեց՝ իրենց համար առաջխաղացման ձևը վերափոփոխվող հետազոտական և նորարարական լուծումներն են։ Նպատակ ունեն նաև ապահովել, որ բոլոր քաղաքացիները օգտվեն ավելի թվային ու ավելի կայուն տնտեսության բարիքներից։ 

Գալստյանի խոսքով՝ ֆորումը հիանալի հնարավորություն է թվային և տեխնոլոգիական հարցերի մասին խոսելու համար։

Երևանում ապրիլի 5-ին մեկնարկեց առաջին Doing Digital Forum-ը` «Բացահայտելով թվային ապագան» խորագրով, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը:  Ֆորումի նպատակը Հայաստանում ու համաշխարհային մակարդակում թվայնացման գործընթացի շուրջ առկա միտումների ու լավագույն փորձի ուսումնասիրությունն է, ձախողումների և մարտահրավերների քննարկումն ու լուծումների ուրվագծումը:

  • Կիսվել: