երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՏՏ համայնքի ներկայացուցիչը ներկայացրեց ՏՏ ոլորտը խթանող օրենսդրական նոր փաթեթը

ՏՏ համայնքի ներկայացուցիչը ներկայացրեց ՏՏ ոլորտը խթանող օրենսդրական նոր փաթեթը

Տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքի կողմից ստեղծած աշխատանքային խմբի ներկայացուցիչ Արա Խզմալյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ է նախատեսվում իրականացնել ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթով։

Օրենսդրական նախագծի փաթեթով նախատեսվում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար սահմանել մեկ համավճար, որը հաշվարկվում է հիմք ընդունելով հաշվետու ժամանակահատվածում եկամտային հարկի գծով հաշվարկած և վճարված գումարները։

«Եթե խոսում ենք համավճարի մասին, ապա նախատեսված է, որ պետք է լինի հնարավորինս ավտոմատացված մեխանիզմ, որում առցանց դիմում է ներկայացվելու, տեղեկությունները ստուգվելու են՝ համադրելով ՊԵԿ տեղեկատվական բազայի միջոցով առկա տվյալների, մասնավորապես հարկային հաշվարկների ներկայացվածի հետ, որի արդյունքում որոշումը կայացվելու է ավտոմատացված՝ ունենալով վերանայման հնարավորություն, եթե տեխնիկական խնդիրներ կան»,-ասաց Խզմալյանը։

Օրենքով նախատեսվում է նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը տրամադրել համաֆինանսավորում բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների սուբյեկտներին գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների և ծառայությունների, բարձր տեխնոլոգիական և ՏՏ ոլորտում կրթական ծրագրերի գծով ծախսերի և կապիտալ ներդրումների համար։

«Այս առումով և՛ չափանիշները, և՛ չափերը, և՛ կարգը պետք է լրացուցիչ սահմանվեն ենթաօրենսդրական ակտերով»,- ավելացրեց Խզմալյանը։

Նրա խոսքով՝ որպես հեռահար նպատակ նախատեսվում է նաև մշակվել և ներդնել մոտեցումներ, ըստ որոնց՝ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների և ծառայությունների և բարձր տեխնոլոգիական ոլորտում կրթական ծրագրերի ու կապիտալ գծով կլինեն հավելյալ ծախսագրման հնարավորություններ։

  • Կիսվել: