շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ծառուկյանը գործարանը չի բացում, խաղող չի մթերում. Քերոբյանը հանդիպեց խաղողագործներին

Ծառուկյանը գործարանը չի բացում, խաղող չի մթերում. Քերոբյանը հանդիպեց խաղողագործներին

Խոստանում ենք, որ մինչև տարվա վերջ այդ մեխանիզմը կդնենք, որ գյուղացիների հետ պայմանագրերը կնքվեն ոչ թե մթերումից 5 րոպե առաջ, այլ նախորդ տարի: Կառավարության դիմաց ակցիա անող խաղողագործների հետ զրուցելիս ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այսօր երեկոյան իմ տեղակալը պետք է ասի, թե որտեղի հարցը ինչպես ենք լուծում: Եթե տեսնենք, որ տարբերակ չկա, գործարաններից մեկին պետք է խնդրենք, որ մթերի, մենք գումարը տանք: Դա տարբերակներից մեկն է: Այնպես կանենք, որ բոլոր հարցերը լուծվեն: Ես էլ, Պապիկյանն էլ, իմ տեղակալներն էլ հոլի պես ֆռում ենք»,-ասաց նախարարը:

Քերոբյանի խոսքով՝ խաղողի մթերման հարցով անցած տարվանից զբաղվում է, որ այս տարի նորմալ մթերվի. «Հիմա նորմալ չի մթերվում, բայց պատճառն էլ գիտեք. խոշոր մթերողներից մեկը՝ «Նոյ» կոնյակի գործարանը, այս տարի խաղող չի մթերում: Վերջին պահին է պարզվել, որ իրենք որոշել են չմթերել: Հիմա թե ինչու չի մթերում, դա հարցի մի կողմն է, մենք չենք կարող  պարտադրել, որ գա, մթերի: Իր սեփական գործարանն է, իր սեփական որոշումն է: Մենք գնացել, խնդրել ենք Ծառուկյանին, որ գործարանը բացի, բայց չի բացում»։

Խաղաղագործները նշեցին, որ իրենց խնդրանքն է, որ օր առաջ մեծ ծավալներով մթերում իրականացվի, որովհետեւ խաղողը վազի վրա փչանում է, արդեն ցամաքել, չամիչ է դարձել:

Քերոբյանը տեղեկացրեց, որ իր տեղակալն այսօր այցելել է եւ Վայոց Ձորի մարզ, եւ Արմավիրի մարզ. «Խնդիրներ կային Արարատյան դաշտավայրում, չեմ ասում ամբողջությամբ, բայց համարյա լուծված են դրանք: Արմավիրի եւ Վայոց Ձորի վերաբերյալ էս երկու օրը առաջարկ կարվի, ամեն ինչ կանենք, որ ձեր խաղողը չմնա վազի վրա»:

Գյուղացիներից մեկն ասաց. «Խաղողն արդեն չորացել է. նախ ջուր չկար, որ ջրեինք, ՋՕ-ն ջուրը կտրել էր: Հիմա ի՞նչ անենք: Որ տանենք Պռոշյան, երկու օր էլ այնտեղ կկանգնանցնեն, կգան կասեն՝ հեչ է եղել, թթվել է խաղողը, 100 դրամով կհանձնե՞ս: Մեկ շաբաթ առաջ 115 դրամ էր: Էլ չեմ ասում, որ էս պիկ շրջանում Պռոշյանի գործարանը 3 օր խաղող չէր մթերում: Եթե էդպես է, սահմանը բացեք, թող վրացին գա մեր խաղողը տանի: Կամ հիմա կթողնե՞ն, որ մենք սահմանը անցնենք, խաղողը տանենք Վրաստան»:

Նախարարն էլ արձագանքեց, որ եթե այդպիսի խնդիր կա, ինքը կլուծի այդ հարցը։ 

  • Կիսվել: