Եթե վերջին պահին Ծառուկյանը չհրաժարվեր մթերել խաղողը, խնդիրներ չէինք ունենա. Վահան Քերոբյան
Խաղողի մթերումն ավարտվել է։ Եթե խոշոր մթերողներից մեկը վերջին պահին չհրաժարվեր մթերելուց, ապա այս տարի եւս չէինք լսի խաղողի մթերման մասին:
Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում 2022թ․-ի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցադրմանն այն մասին, թե հաջորդ տարի խաղողի մթերման խնդիրներից ինչպես են խուսափելու։
«Խոսքը պարոն Գագիկ Ծառուկյանի գործարանի մասին է, որն այս տարի հրաժարվեց մթերելուց։ Իր գործն է, իր բիզնեսն է, բայց ինքը տարվա սկզբին ֆինանսավորել է գյուղացիներին եւ պայմանագրեր կնքել մթերելու, մենք հաշվարկներ էինք արել դրա վրա։ Վերջին պահին հրաժարվեց դրանից»,-նշեց Վահան Քերոբյանը։
Աղազարյանն ի պատասխան նկատեց․ «Բավականին հարուստ մարդ է եւ հնարավորություն ունի բոլոր գործարանները գնելու եւ խաղող չընդունելու, նման բան հնարավո՞ր է»։
Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Լավ հարց եք տալիս։ Մեր դերը նրանում է, որ կանխենք ռիսկերը։ Խաղողագործության ոլորտում մեծ փոփոխություններ ենք նախատեսում։ Գինեգործության հնգամյա պլան կլինի։ Հետո կոնյակագործության հնգամյա պլան կունենանք»։