ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՌԴ-ից ասել են՝ խտրական վերաբերմունք որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի, բեռների նկատմամբ չի լինելու. ՍԱՏՄ ղեկավար

ՌԴ-ից ասել են՝ խտրական վերաբերմունք որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի, բեռների նկատմամբ չի լինելու. ՍԱՏՄ ղեկավար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հանդիպել է բուսասանիտարական ենթահսկման բեռներ արտահանող տնտեսավարողների հետ և ներկայացրել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի հետ քննարկման արդյունքները։

ՍԱՏՄ ղեկավարը տեղեկացրել է ՌԴ գործընկերների դիրքորոշումը. խտրական վերաբերմունք որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի, բեռների նկատմամբ չի լինելու: Նրանք վստահեցրել են, որ բեռներն անցնելու են փաստաթղթային, ֆիզիկական և լաբորատոր փորձաքննություն, և, խնդիրներ չհայտնաբերելու դեպքում, անարգել անցնելու են վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետը։

Արմեն Հայրապետյանը տնտեսավարողներին նաև տեղեկացրել է, որ ինքը ռուսական կողմին երաշխավորել է, թե արտահանվող բուսասանիտարական ենթահսկման բեռների անվտանգության հավաստագրերը տեսչական մարմնի կողմից տրվելու են միայն մանրամասն ուսումնասիրությունից հետո: «Ամենայն ուշադրությամբ հետևեք արտահանման ներկայացվող արտադրանքի որակին, ապահովեք հետագծելիությունը. շեղումով որևէ բեռ ՀՀ սահմանը հատել չի կարող», – հորդորել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Տնտեսավարողները շնորհակալություն են հայտնել հանդիպման և իրենց խնդիրները ներկայացնելու հնարավորության համար, նաև հայտնել են, որ դեկտեմբերի 1-ից հետո իրենց բեռներից շատերն արդեն անարգել անցել են Լարսի սահմանակետը:

 
 
 
 
 

  • Կիսվել: