չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Տնտեսության կառուցվածքում տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնք նպաստել են ոչ հարկունակ ոլորտների շեշտակի ավելացմանը. Բադասյան

Տնտեսության կառուցվածքում տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնք նպաստել են ոչ հարկունակ ոլորտների շեշտակի ավելացմանը. Բադասյան

Բյուջեի հավաքագրումների մասով իրապես եթե դիտարկենք պետական բյուջեի օրենքով սահմանված եկամտային ցուցանիշները, կան հարկային խնդիրներ, այդ խնդիրները, բնականաբար, ամեն ամսվա ամփոփումից հետո վերլուծվում են, և որոշակի հաշվարկներ են կատարվում ռիսկերի մասին: Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին, որը վերաբերում էր 2024 թվականի բյուջեի հավաքագրումներին:

«Ես հիմա թվեր, ձեր թույլտվությամբ, չհնչեցնեմ, որովհետև այս տարի բավական տարատեսակ ազդեցությունների ներքո այդ թվերը հաճախ փոխվում են և շատ արագ: Խնդիրը, իմ կարծիքով, այն է, որ տնտեսության կառուցվածքում տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնք նպաստել են ոչ հարկունակ ոլորտների շեշտակի ավելացմանը, և նվազել է հարկունակ ոլորտների պոտենցիալը: Հիմնական խնդիրը դա եմ դիտարկում»,- ասաց Բադասյանը:

Նրա խոսքով՝ այդպիսին է շինարարության ոլորտը, որը հարկունակ ոլորտ է, սակայն տվյալ տարում չի բերում հարկային եկամուտներ:

«Շինարարության ոլորտը ստաբիլ աճում է և իր պիկին հասել է 2022-2023 թվականներին, բայց քանի որ շինարարության ոլորտում հարկը հավաքագրվում է բնակարանների վաճառքից, իսկ դրանց վաճառքը շինարարությունը սկսելու պահից անցնում է մեկուկես-երկու, երեք տարի անգամ, և ԱԱՀ-ն այդ անվանական աճից մենք հավաքում ենք ավելի ուշ: Այսինքն՝ անցած տարի կամ այս տարի մենք շինարարությունից հավաքում ենք 2018, 2019, 2020, 2021 թվականների անվանական աճի ԱԱՀ-ի կրեդիտները, բայց այս վերջին տարիների անվանական աճը ճնշում է մեր ԱԱՀ-ի դեբետների ավելացումը, և, բնականաբար, ԱԱՀ-ի վերադարձը: Օրինակ՝ անցած տարի 45 մլրդ ենք շինարարության ոլորտում վերադարձրել ոլորտի ներկայացուցիչներին, այս տարվա առաջին եռամսյակում արդեն 14 մլրդ դրամ ենք վերադարձրել: Այսինքն՝ այս միտումը շարունակվում է: Բնակաբանար, ոսկու մասին է շատ խոսվում, դրա ոչ հարկունակ լինելու, այսինքն՝ այս փոփոխություններն են, որ հընթացս բերում են ճշգրտումների»,- հայտնեց ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով՝ պետք է տարին ամփոփվի, ինչ-որ մի ժամանակահատված ամփոփվի, դուրս հանվեն դրա անվանական աճը, դրա հարկունակությունն ու ոչ հարկունակությունը, այնուհետև գնահատենք ստվերը:

  • Կիսվել: