շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տնտեսական աճին ամենաշատը նպաստել է վերամշակող արդյունաբերությունը. Բաբկեն Թունյան

Տնտեսական աճին ամենաշատը նպաստել է վերամշակող արդյունաբերությունը. Բաբկեն Թունյան

Եթե նայում ենք հիմնական առանցքային ցուցանիշները, ապա 2019 թվականը տնտեսական առումով բավականին լավն էր՝ սկսած տնտեսական աճի ցուցանիշով՝ 7,6 տոկոս, այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը եւ 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:


Ավելին, ըստ Թունյանի, տնտեսական աճի այս ցուցանիշը վերջին տասը տարվա ընթացքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, և Հայաստանը այդ առումով առաջատար է տարածաշրջանում:


Նա նշեց, որ տնտեսական աճի կառուցվածքում բարելավելու տեղեր կան, որի ուղղությամբ կառավարությունը շարժվում է. «Երբ նայում ենք, թե հիմնականում որ ճյուղերի հաշվին է այդ աճն ապահովվել, ի հեճուկս այն կարծիքների, որ տնտեսական աճը ապահովվել է հիմնականում խաղային ոլորտի հաշվին, մենք պաշտոնական տվյալների հիման վրա տեսնում ենք, որ ամենաշատը տնտեսական աճին նպաստել է վերամշակող արդյունաբերությունը: Երկրորդ տեղում ֆինանսական եւ ապահովագրական ծառայությունների ոլորտն է, իսկ կոնկրետ խաղային ոլորտը, որի մեջ մտնում է նաեւ մշակույթը, զվարճությունները, հանգիստը, տնտեսական աճին նպաստել են մոտ կես տոկոսային կետի չափով»:

Նա հավելեց, որ տարվա ընթացքում նաև իրականացվել են որոշակի քայլեր, որոնց արդյունավետությունը տեսանելի կլինի այս տարվա սկզբից, մասնավորապես՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունները, նվազագույն աշխատավարձի բարձրացումը, նաև միկրոբիզնեսի շեմի բարձրացումը:

  • Կիսվել: