հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՏՄՊՊՀ-ն «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների համակենտրոնացման վերաբերյալ որոշում չունի

ՏՄՊՊՀ-ն «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների համակենտրոնացման վերաբերյալ որոշում չունի

«Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների համակենտրոնացում թույլ տալու կամ չտալու վերաբերյալ ՏՄՊՊՀ-ն այժմ որևէ որոշում չունի: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Հանձնաժողովն ուսումնասիրել է 600 և ավելի անուն փաստաթուղթ, հանդիպումներ են տեղի ունեցել երկու կողմերի հետ: Քննարկումներ են եղել նաև ոլորտում գործող այլ ընկերությունների և ՀԿ-ների հետ, այս պահին աշխատանքները շարունակվում են: 2020թ. մարտի 19-ին հանձնաժողովը, հաշվի առնելով հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությունը և արտակարգ դրության ռեժիմը, բոլոր նիստերը կասեցրել է: Վարույթը սկսելուն պես՝ գործընթացը կշարունակվի»,-ասաց նա:

Գևորգյանն ընդգծեց, որ «Յուքոմ» ընկերությունում երեկ տեղի ունեցած իրադարձությունը՝ մի քանի տասնյակ աշխատանկիցների՝ աշխատանքից դուրս գալու դիմումների ներկայացումը, որևէ կապ չունի հանձնաժողովի որոշման հետ, և վերջինս դեռևս չի ավարտել ուսումնասիրություն:

Նախօրեին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում են գրել: Նրանց շարքում են նաեւ Ալեքսանդր եւ Հայկ Եսայանները։ Եղբայրները «Յուքոմի» հիմնադիրներից են։

Որպես պատճառ նշվում է, որ որ Ucom-ի սեփականատերերն ուզում են Ucom-ի տնօրենի պաշտոնին նշանակել  Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:

  • Կիսվել: