երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
«Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը

«Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տրանսպորտի ոլորտի գրասենյակի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի‚ Արևմտյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան թիմի տնօրեն Չեն Չենի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին‚ համագործակցության զարգացմանը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը ողջունել է ԱԶԲ պատվիրակներին՝ բարձր գնահատելով բանկի հետ համագործակցությունը‚ որի շրջանակներում իրականացվում են կարևոր ճանապարհային ենթակառուցվածքային ծրագրեր։ Հիմնադրամի ղեկավարը ներկայացրել է Հյուսիս-հարավի Տրանշ-2‚ Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի շինարարության‚ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման ծրագրերը‚ Դիլիջանի և Պուշկինի թունելների հետազոտման, ինչպես նաև հիմնանորոգման ու արդիականացման նախագծային աշխատանքների ընթացքը։ Կողմերը խոսել են նաև Հյուսիս-հարավի հարավային հատվածում նախատեսվող ծրագրերի մասին։

Պարոն Չենն իր խոսքում նշել է‚ որ ուրախ է լսել ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի առաջընթացի մասին‚ ինչը նվաճում է և՜ Ճանապարհային դեպարտամենտի‚ և՜ ԱԶԲ-ի համար։ Նա նույնպես առանձնացրել է երկու կողմերի միջև արդյունավետ համագործակցությունը։ Անդրադարձ է եղել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի համաֆինանսավորման հնարավորություններին։ Ըստ ԱԶԲ պաշտոնյայի՝ բանկը պատրաստակամ է աջակցել հիմնադրամին նաև կարողությունների զարգացման ուղղությամբ։

ԱԶԲ պատվիրակությունը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ ապրիլի 16-ին այցելել է Հյուսիս-հարավի Տրանշ-2 և Տրանշ-3՝ ծանոթանալով կատարված և այս պահին ընթացող շինարարությանը։ Շինհրապարակում պարոն Չենին ներկայացվել են կատարվող աշխատանքների մանրամասները։ Նա հետաքրքրվել է‚ թե Հայաստանում վարկային միջոցներով իրականացվող խոշոր ճանապարհաշինական ծրագրերն ինչ ազդեցություն են ունենում հայաստանյան ճանապարհաշինական ոլորտի վրա‚ խոսել են ճանապարհաշինական կազմակերպությունների հզորությունների‚ կիրառվող շինարարական տեխնոլոգիաների և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ։

Այսօր արդեն պարոն Չենի գլխավորած պատվիրակությունը Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչների հետ մեկնել է Սյունիքի մարզ‚ որտեղ կծանոթանան Հյուսիս-հարավի հարավային հատվածում նախատեսված շինարարական ծրագրերի մանրամասներին։

 

  • Կիսվել: