երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տավարաբուծության, թռչնաբուծության և խոզաբուծության ուղղություններով կիրականացվի շուրջ 23․4 մլրդ ՀՀ դրամ ներդրում. ստորագրվել է պայմանագիր

Տավարաբուծության, թռչնաբուծության և խոզաբուծության ուղղություններով կիրականացվի շուրջ 23․4 մլրդ ՀՀ դրամ ներդրում. ստորագրվել է պայմանագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 29-ին կայացել է «Դիլի», «Բռոլեր», «Արաքս թռչնաֆաբրիկա» և «Ֆուդ սիթի» ՍՊԸ-ների հետ «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի» մասնակցության պայմանագրերի ստորագրման արարողությունը։ Այս մասին տեղեկացրին Էկոնոմիկայի նախարարությունից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից պայմանագրերը ստորագրել է նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը։ Ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև նախարար Վահան Քերոբյանը։

Պայմանագրերի շրջանակում անասնաբուծության ճյուղում՝ մասնավորապես տավարաբուծության, թռչնաբուծության և խոզաբուծության ուղղություններով կիրականացվի շուրջ 23․4 մլրդ ՀՀ դրամ ներդրում, և կստեղծվի շուրջ 330 աշխատատեղ։

ՀՀ Կառավարության կողմից կտրամադրվի իրականացված կապիտալ ծախսերի 40% փոխհատուցում։

«Այսօր շատ կարևոր օր է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար, քանի որ այս պայմանագրերով նախատեսվում է իրականացնել խոշոր ներդրումներ, որոնք մեծապես կնպաստեն անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացմանը։ Մենք պլանավորում ենք երկարացնել մեր ծրագրի գործողության ժամկետը և ներգրավել նոր ներդրումներ անասնաբուծության տարբեր ուղղություններում»,- նշել է Վահան Քերոբյանը։

  • Կիսվել: