հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Տարեկան 500 մլն հարկ վճարողը գնո՞ւմ է սնանկության․ 99% պնդում ենք՝ դիտմամբ են պայթեցրել. «Գազ օիլ»-ի համասեփականատերեր

Տարեկան 500 մլն հարկ վճարողը գնո՞ւմ է սնանկության․ 99% պնդում ենք՝ դիտմամբ են պայթեցրել. «Գազ օիլ»-ի համասեփականատերեր

Տարեկան 500 մլն պետությանը հարկ վճարողը գնո՞ւմ է սնանկության, որ ամբողջ լրատվամիջոցներով տանում են սնանկության, ամոթ է, ուղղակի ամոթ, պարապ են մնացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին «Գազ օիլ» ՍՊԸ-ի սեփականատերերը, որոնք չցանկացան տեսախցիկների առաջ խոսել։

«Այսօր այս կազմակերպությունով ներմուծում ունենք, ապրանք ենք ներմուծում, եթե ներմուծում ենք, ոնց ենք սնանկանում»,-ասաց համասեփականատեր Էրիկ Հայրապետյանը։

Նա նշեց, որ քննչական մարմինն առայժմ ոչինչ չի պարզել, քանի որ կրակն առավոտյան 9-ի կողմերն է մարվել։ «Բայց անօրինականության հետ կապված տեղեկությունները հերքում ենք, ունենք բոլոր թղթերը: Այսօր էս երկրում անօրինական աշխատելն անհնար է, բոլոր թղթերն էլ  ներկայացնելու ենք համապատասխան մարմիններին»,-ասաց Հայրապետյանը:

Նա ևս պնդեց, որ գազալցակայանը դիտմամբ են պայթեցրել․ «Միանշանակ դիտմամբ է: նաեւ մասնագիտական առումով մենք հասկանում ենք, որ հեղուկ գազի ցիստեռնները իրավունք չունի նման ձեւով պայթելու: Որ նայում ենք տեսքին, սա ինքն իրանով պայթել հնարավոր չէր, դա բացառվում է»,-ավելացրեց Էրիկ Հայրապետյանը և նշեց, որ քննչականին կներկայացնեն իրենց կասկածները։

Սեփականատեր Շուշանիկ Հայրապետյանի ամուսին ներկայացած անձն էլ հավելեց. «Կրկին անգամ ասում եմ՝ պատվեր են կատարել: Ես հիմա չեմ կարա անուններ ասել, դա քրեական գործին կխանգարի։ 99,99 տոկոս, պնդում եմ, որ զակազ են կատարել:

Տարածքը ապահովված է եղել հակահրդեհային բոլոր համակարգերով: Մենք ունենք SOS համակարգ, որը միացել է եւ ահազանգը այդտեղից է եկել: մենք հասել ենք մի 20 րոպե հետո»:

Նրանք նաև տեղեկացրեցին, որ այս պահին հիվանդանոցում են գտնվում գրանցված 5 աշխատողներ, նրանցից մեկը փորձաշրջան էր անցնում։

Ասացին՝ տեղեկացվել են, որ բացառությամբ մեկի՝ մյուսների առողջական վիճակը դրական են գնահատել։

«Ծանրերից մեկի մոտ դրական դինամիկա կա, մյուսի մասին դեռ շուտ է խոսել»,-ասաց նա։

  • Կիսվել: