ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սյունիքի մարզպետարանում քննարկվել է ճանապարհների սպասարկման որակը

Սյունիքի մարզպետարանում քննարկվել է ճանապարհների սպասարկման որակը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարզի ավտոճանապարհներին ստեղծված իրավիճակը, դրանց սպասարկման որակը, ճանապարհին մնացած քաղաքացիների խնդիրների լուծման օպերատիվության մակարդակն ու ճգնաժամային իրավիճակում մարզպետարանի, ճանապարհաշինական ընկերությունների ու պետական մյուս մարմինների փոխգործակցության արդյունավետությունը։
 
Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի ղեկավար կազմը, խնդրին առնչվող ոլորտների պատասխանատու մասնագետները, ինչպես նաև ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարար ծառայության պետը, իրավապահ մարմինների մարզային կառույցների, ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարները։
 
Մարզպետը ներկայացրել է ճանապարհների սպասարկման որակի հանդեպ իր պահանջներն ու նկատառումները, որ ի հայտ են եկել վերջին օրերին՝ առատ տեղումների ու բքի պատճառով մարզի ճանապարհների անանցանելի դառնալու պարագայում։
 
Առավել սերտ ու արդյունավետ համագործակցության մեխանիզմներ առաջարկելով՝ Ռ․Ղուկասյանը կարևորել է նաև ճանապարհին մնացած քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու աշխատանքը։
 
Վերջում հստակ հանձնարարականներ ստանալով՝ խորհրդակցության մասնակիցները՝ մարզպետի գլխավորությամբ մեկնել են Մ2 մայրուղու Կապան-Տաթև ճանապարհահատված՝ այնտեղ իրականացվող աշխատանքներին հետևելու նպատակով։

  • Կիսվել: