չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
«Սուրմալուի» պայթյունի պատճառով փոխհատուցում կստանան ԿԱՍԿՈ պայմանագիր ունեցող վարորդները

«Սուրմալուի» պայթյունի պատճառով փոխհատուցում կստանան ԿԱՍԿՈ պայմանագիր ունեցող վարորդները

Միայն ԱՊՊԱ պայմանագրի առկայությամբ տրանսպորտային միջոցների տերերը «Սուրմալուի» պայթյունի պատճառով իրենց վնասված մեքենաների համար չեն կարող ստանալ փոխհատուցում, քանի որ դա տրվում է բացառապես ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Վերոնիկա Ալեքսանյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայթյունի հետևանքով ընթանում է նախաքննություն, և այս պահին չկա հստակ տեղեկություն այն մասին, թե արդյոք հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում են վնասվել մեքենաները, թե այլ դեպքի առթիվ, ուստի դժվար է որևէ բան ասել։ Բայց եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ օրինական օգտագործողն ունի ԿԱՍԿՈ պայմանագիր, ապա տվյալ պարագայում դա փոխհատուցվում է, քանի որ նշված պայմանագիրը նախատեսված է նաև նման դեպքերում (պայթյուն, հրդեհ, տարերային աղետ) փոխհատուցում հատկացնելու համար։ Տվյալ դեպքում տարանջատում չկա` մեքենան պատկանում է առևտրային տաղավարի սեփականտիրո՞ջը, թե՞ ուղղակի այլ ֆիզիկական անձի»,– ասաց փաստաբանը։

Ալեքսանյանի խոսքով` ԿԱՍԿՈ ապահովագրության պարագայում կան կանոններ, որոնք քաղաքացիները պետք է պահպանեն, իսկ ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն էլ պետք է հաշվի առնեն նման աղետով պայմանավորված հանգամանքները։

«Նախաքննության արդյունքներից պարզ կդառնա, թե ովքեր են հանդիսանում տուժող և մեղավոր կողմերը, ուստի այն անձինք, ովքեր ունեն ԱՊՊԱ պայմանագիր, տվյալ պարագայում, եթե տուժող են ճանաչվում, կարող են հետագայում քաղհայցով դիմել դատարան` վնասի փոխհատուցման պահանջով։ Այսինքն` երբ պարզվեն քրեական գործի հանգամանքները, այստեղ հարցը կլուծվի իրավական հարաբերություններով»,– ասաց Ալեքսանյանը։

  • Կիսվել: