ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանն ընտրվել է ԱՊՀ պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի նախագահի տեղակալ

Սուրեն Պապիկյանն ընտրվել է ԱՊՀ պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի նախագահի տեղակալ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում նոյեմբերի 20-ին մասնակցել է «Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովի  շրջանակներում տրանսպորտային ոլորտում եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին առնչվող համալիր միջոցառումներին, այդ թվում՝ «Տրանսպորտը՝ եվրասիական ինտեգրման հիմք» խորագրով լիագումար նիստին, ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի  39-րդ նիստին, ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստին։ Այս մասին տեղեկացնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

ԵԱՏՄ-ի անդամ պետությունների   տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստին, որը  վարել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, առանցքային թեմաներն են եղել ԵԱՏՄ անդամ պետությունների՝ 2018-2020 թթ․ համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման միջոցառումների ծրագրերին, ԵԱՏՄ տրանսպորտատնտեսական հաշվեկշռին, տրանսպորտի ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի Երևանում հոկտեմբերին կայացած երկրորդ նիստի որոշումների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:  Խորհրդի նիստի արդյունքների հիման վրա ընդունվել են համապատասխան արձանագրային որոշումներ:

Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի 39-րդ նիստը։ Խորհրդի նախագահի տեղակալ է ընտրվել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:

Այցի ընթացքում  նախարար Պապիկյանը հանդիպումներ է ունեցել  մասնակից երկրների գործընկեր գերատեսչությունների ղեկավարների հետ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել  են տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը, փոխադրումների անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանը, տրանսպորտային ծառայությունների թվայնացմանը  և ներդրումների ծավալների մեծացմանը։ Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է Հայաստանի տարանցման հնարավորությունների արդյունավետ օգտագործումը ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ձևաչափով։

«Տրանսպորտային շաբաթ-2019» համաժողովի շրջանակներում նախարար Պապիկյանը մասնակցել է նաև ԵԱՏՄ-ի ձևավորման հնգամյակին նվիրված միասնական տաղավարի ցուցադրությանը, որտեղ առանձակի ուշադրության են արժանացել միության անդամ երկրների տնտեսությունները կապող տրանսպորտային ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերը։ Միասնական տաղավարում Հայաստանը ներկայացրել է ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր Բագրատաշենի անցակետի արդիականացմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Ցուցադրության ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է  ԵԱՏՄ տարածքում անդամ երկրների միջև արագացված տրանսպորտային հաղորդակցություն կազմակերպելու հնարավորություններին, դրա հետ կապված տեխնոլոգիաների և ծառայությունների մատուցման  նորարարություններին, առանձնահատուկ շեշտել է Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների  և ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՏՄ և համաշխարհային շուկաների համար որպես տարածաշրջանի տրասնպորտային կարևոր հանգույցի կայացման հրատապությունը։

«Տրանսպորտային շաբաթ» ամենամյա միջազգային համաժողովը ներառում է տրանսպորտի բնագավառի մի շարք  նշանակալի միջոցառումներ: Յուրաքանչյուր տարի ոլորտային այս կարևոր միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ՝ ԱՊՀ երկրներից տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների, համաշխարհային խոշոր տրանսպորտային ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների, ապահովագրական ընկերությունների և խոշորագույն բանկերի, միջազգային կազմակերպությունների համաշխարհային փորձագիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ:

  • Կիսվել: