ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստի և կեղծիքի վրա հորջորջված տնտեսական հեղափոխության արդյունքում 2020 թվականին 11 անգամ իջել են օտարերկրյա ներդրումները. Մելքումյան

Ստի և կեղծիքի վրա հորջորջված տնտեսական հեղափոխության արդյունքում 2020 թվականին 11 անգամ իջել են օտարերկրյա ներդրումները. Մելքումյան

Մենք արդեն հայտարարել ենք, որ բոլոր համայնքապետերը համայնք առ համայնք միանալու են բանակին և ժողովրդին: Մենք տեսնում ենք, որ այդ շքերթը սկսվել է: Այս մասին այսօր ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բայց նաև մենք պետք է հասկանանք պահի լրջությունը, լինենք զգոն և թույլ չտանք բախումներ՝ մեր մյուս եղբայրների հետ, ովքեր մոլորված են, պետք է այնպես անենք, որ իրենք ևս շատ արագ միանան մեր հավաքին: Մի՛ մոլորվեք, ազգի փրկության ժամանակն է, երկիրը կանգնած է անդունդի եզրին և պիտի կարողանանք ուղղել մեր ողնաշարը՛՛։

Ըստ Մելքումյանի՝ ՛՛վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մեկուսացած է, նա ստացել է առաջին հարվածը բանակից, և հարց տվեց մյուս ուժային կառույցներին, թե իրենք ո՞ւմ երաշխավորն են՝ պետականությա՞ն, թե՞ մեկ անձի և շեշտեց, որ ուժային կառույցների աշխատակիցները պետք է ոչ թե հեռանան, այլ հենց իրենց պաշտոններում միանան ժողովրդին՛՛:

՛՛Բախումներ թույլ չենք տալու, այլ լուծում չկա, ուստի վաղը՝ ժամը 10-ին, ԱԺ լիագումար նիստին պետք է սկսվի գործընթաց, որպեսզի ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի ջանքերով հրավիրված և տապալված՝ ռազմական դրությունը չեղարկելու և տիրող իրավիճակը քննարկելու օրակարգով նիստը մտնի օրակարգ, և մենք կարողանանք սահմանադրական ճանապարհով հասնել իշխանափոխության՛՛,-հավելեց Մելքումյանը:

Նրա խոսքով՝ պետք է մոբիլիզացնեն իրենց ուժերը, քանի որ Փաշինյանը թքած ունի հասարակության, տնտեսության և սոցիալական խնդիրների վրա:

՛՛Այսօր, ստի և կեղծիքի վրա հորջորջված տնտեսական հեղափոխության արդյունքում 2020 թվականին 11 անգամ իջել են օտարերկրյա ներդրումները: Այսպիսի բան դեռ չի եղել: Արտահանման, ներմուծման, առևտրաշրջանառության մեջ ունենք երկնիշ անկումներ: Ո՞ւր ենք գնում այսպես՝ թուրքի կողմից հովանավորվող կառավարությանը հանդուժելով: Մեզ մնացել են վերջին ճիգերը, բոլորս պետք է հասկանանք պահի լրջությունը: Եվս մի քանի օր, և մենք միասին այստեղ տոնելու ենք հաղթանակը՛՛,-իր խոսքը եզրափակեց Մելքումյանը:

  • Կիսվել: