ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սպանդանոցային մսի փաստաթուղթը կեղծելն անհնար կլինի. սպանդանոցային մորթն այսօրվանից դառնում է պարտադիր

Սպանդանոցային մսի փաստաթուղթը կեղծելն անհնար կլինի. սպանդանոցային մորթն այսօրվանից դառնում է պարտադիր

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկացրեց, որ այս պահին արդեն 45 սպանդանոց կա, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է այդ թիվը հասցնել 80-ի:

Հայաստանում պարտադիր սպանդանոցային մորթի կազմակերպման Կառավարության որոշումն այսօրվանից մտել է ուժի մեջ: 1lurer.am-ի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկացրեց, որ  այս պահին արդեն 45 սպանդանոց կա, որոնք կա՛մ աշխատում են, կա՛մ արդեն ունեն աշխատելու բոլոր հնարավորությունները: 

«Սպանդանոց կառուցելու հայտատուները շատ էին՝ 270-ից ավելի, բայց մոտ 80-ը որոշեց սկսել շինարարական աշխատանքներ: Սակայն մի մասը  կանգ է առել նախագծման փուլում, մի մասը՝ հողի նշանակության փոփոխման, մի մասը բուն շինարարական գործընթացի կամ ներքին  հարդարման փուլում է: Մի մասն էլ ունեին շինություններ և այդ  շինությունները պետք է հարմարեցնեին, վերանորոգեին ու դարձնեին սպանդանոցներ»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը:

Ավետիսյանի խոսքով՝ մինչև տարեվերջ նախատեսվում է 80-ից ավելի սպանդանոց ունենալ: Գրեթե բոլոր մարզերում սպանդանոցների հարցը լուծված է, բացի Շիրակի մարզից:

Անդրադառնալով տարեսկզբին սպանդանոցների դեմ բողոքի ալիքին՝ Ավետիսյանն ասաց, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա՝ պնդում է, որ դժգոհողները հիմնականում վերավաճառողներն էին:

«Նրանց նպատակը հիմնականում վաճառելն էր հիվանդ, սատկած կենդանիների միս, որոնք  գնում էին շատ էժան ու վաճառում թարմ մսի փոխարեն: Այդ ընթացքում բարձրացված բողքի ալիքը հանգեցրեց նրան, որ իրազեկումն ավելի մեծացավ: Հաստատվեցին այն պնդումները, որ  սպանդանոցային մորթին ու անվտանգ  մսին այլընտրանք  չկա: Այս ընթացքում նույնիսկ շատ վերավաճառողներ սկսեցին սպանդանոցներ կառուցել»,- ասաց Ավետիսյանը:

Մշտադիտարկումներն ու ստուգումները կլինեն շարունակական, պարտադիր կլինի նաև սպանդանոցային մսի համար անաասնաբուժական փաստաթղթի՝ 5-րդ ձևի առկայությունը:

«Շատերի մոտ թյուր կարծիք կա, որ իրենք կարող են այդ փաստաթղթերը կեղծել, պատճենահանել ու բերել այլ կենդանու, մսի  փաստաթղթի տեղ օգտագործել: Ուզում եմ միանգամից հիասթափեցնել՝ մենք  բոլորը QR կոդերով ստուգելու ենք և համոզվելու ենք, որ այդ միսը դուրս է եկել սպանդանոցից և բժշկական փաստաթուղթը հենց այդ մսի համար է»,-շեշտեց Ավեստիսյանը:

Տեսչական մարմինը վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել սպանդանոցների անասնաբույժների համար: Դիմել են Ռազմավարական զարգացման գործակալությանը և  Հայաստանի ազգային ագրարային համալսարանին ու համատեղ իրականացնում են 6-շաբաթյա պարապմունքներ:

  • Կիսվել: