երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սոթքում մեկնարկել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քանդված 4 բնակարանների կառուցման աշխատանքները

Սոթքում մեկնարկել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քանդված 4 բնակարանների կառուցման աշխատանքները

Դեկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Սոթք գյուղ՝ դիտարկելու ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում կառուցվող թվով 4 անհատական բնակելի տների ծրագրով իրականացվող այն բնակարանների շինարարությունների ընթացքը, որոնք ադրբեջանական զինուժի 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հիմնովին վնասվել էին ու վերականգման ենթակա չէին։
ՀՀ կառավարության որոշմամբ հրետակոծությունից վնասված բնակարանների փոխարեն այժմ հիմքից կառուցվում է 4 նոր բնակարան։

Այցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետին ուղեկցում էին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը, Գեղարքունիքի մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը, Վարդենիսի համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուներ։

ՀՀ կառավարության կողմից հատկացված 120 միլիոն դրամի շրջանակներում արդեն մեկ ամիս է, ինչ մեկնարկել են 4 բնակելի տների կառուցման աշխատանքները։ 1 բնակարան կառուցվում է 150, 3 բնակարան՝ 100 քառակուսի մետր մակերեսով, նկուղային հարկերով։

2023 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ արդեն կառուցված են նկուղային հարկերը, հիմքերը, բարձրանում են բնակարանների քարե պատերը։

Հատկացված միջոցներից այս տարի կծախսվի 43,9 միլիոն դրամը, մնացած գումարները կծախսվեն 2024 թվականի ընթացքում, որի արդյունքում էլ կլուծվի 2022 թվականի սեպտեմբերին թշնամու հրետակոծությունից տուժած 4 ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիրը։

Այցի ընթացքում Կարեն Սարգսյանը զրուցեց շինարարների հետ, նկատված թերությունների և բացթողումների շուրջ արեց դիտողություններ և առաջարկություններ, մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների վարչությանը տվեց համապատասխան հանձնարարականներ։

«Պետական հոգածությամբ ամբողջանում է 2022 թվականի սեպտեմբերյան հրետակոծության հետևանքով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում կառուցվող թվով 4 անհատական բնակելի տների ծրագիրը, որն ընթանում էր դեռևս անցած տարվա նոյեմբեր ամսից։ Պետական միջոցներով վերականգնվել են հրետակոծության հետևանքով վնասված ու մեր կողմից հաշվառված 142 բնակարաններն ամբողջությամբ, իսկ «Տաշիր» հիմնադրամի միջոցներով կառուցվել է 147 բնակարանի նոր տանիքներ։ Եկող տարվա ընթացքում կկառուցվեն և պատրաստի վիճակում հրետակոծությունից տուժած ընտանիքներին կհանձնվեն նորակառույց բնակարանները։ Կառավարության կողմից կարվի հնարավորը, որպեսզի սահմանամերձ Սոթքում ու մյուս բնակավայրերում հաղթահարվեն բոլոր դժվարությունները, ու մարդիկ մտածեն ոչ թե հեռանալու, այլ իրենց հայրենիքում ապրելու և արարելու մասին»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

  • Կիսվել: