շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սոթքի հանքավայրը մարտին կշահագործվի. 300 աշխատակից արդեն կրճատվել է

Սոթքի հանքավայրը մարտին կշահագործվի. 300 աշխատակից արդեն կրճատվել է

Սոթքի ոսկու հանքավայրում փակ (ստորգետնյա) եղանակով արդյունահանման մեկնարկը կտրվի 2024թ–ի մարտին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։
 
«Մարտ ամսին արդեն կսկսեն մեծ ծավալով հանքաքար արդյունահանել։ Մինչև աշուն պլանավորվում է, որ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան նույնպես կվերագործարկվի և կսկսի աշխատել»,– վստահեցրեց պաշտոնյան։
Իսկ մինչ այդ, նրա խոսքով, հանքարդյունահանման փակ եղանակի անցնելու համար նախ պետք է իրականացվեն նախապատրաստական աշխատանքներ։
 
«Պետք է, կոպիտ ասած, փորել, հասնել հանքաքարին։ Դրա համար ժամանակ է պետք։ Երբ որ կհասնեն այդ պրոցեսին և ամբողջ հզորությամբ կկարողանան աշխատել, հանքը նորմալ, բնականոն կսկսի աշխատել»,– ասաց Հարությունյանը։
 
Հանքավայրի շահագործման եղանակի փոփոխությունը, սակայն, բացի տնտեսական խնդիրներից, նաև սոցիալական խնդիրներ է առաջ բերել։ Հարությունյանի ներկայացրած տվյալներով` Սոթքի հանքավայրի շուրջ 300 աշխատակիցներ այս պահի դրությամբ արդեն կրճատվել են։
 
«Կազմակերպության հետ կար պայմանավորվածություն, որ դա պետք է աստիճանաբար լիներ։ Նախ, այն մարդիկ, որոնք պետք է անցնեին թոշակի, նրանց փոխարեն նոր մարդիկ չեն ընդունվել։ Այսինքն` դինամիկ այնպես է արվել, որ թե՛ աշխատողների համար շատ ցավոտ չլինի, և թե՛ կազմակերպության համար։ Խնդիր ենք դրել, որ այն աշխատողները, որոնք փակ հանքում աշխատանք չեն ունենա, կկարողանան տեղափոխվել սեփականատիրոջ այլ կազմակերպություններ, օրինակ` Ագարակ»,– ասաց Հարությունյանը։
 
 

  • Կիսվել: