կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սոցիալական բնակարանաշինության նոր ծրագրեր են սպասվում

Սոցիալական բնակարանաշինության նոր ծրագրեր են սպասվում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական բնակարանաշինության ու բնակապահովության ոլորտում մշակում է ռազմավարություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ նախկինում նման ռազմավարություն, ըստ էության, չի եղել: Կան միջազգային գործընկերներ, որոնք հետաքրքրված են այս ոլորտում համագործակցությամբ, մասնավորապես, Ֆրանսիան:

«Ռազմավարությունը ու դրանից բխող քայլերի հաջորդականությունը հնարավորություն կտա ունենալ բնակապահովության նոր ծրագիր: Այն ուղղված կլինի ինչպես սոցիալապես անապահով ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց, այնպես էլ երիտասարդ ընտանիքներին:  Ծրագիրը կարող է ունենալ նաև բիզնես բաղադրիչ»,-ասաց նախարարը:

 

Թե ծրագիրը կոնկրետ, որ մոդելով է իրականացվելու, նախարարը դժվարանում է ասել: Նա ընդգծեց, որ այժմ ուսումնասիրում են միջազգային ինչպես հաջողված, այնպես էլ չհաջողված փորձերը: Նարեկ Մկրտչյանի կարծիքով, օրինակ, նախընտրելի չէ բոլորին մեկ տարածքում տեղավորելն ու առանձին թաղամասեր առանձնացնելը:

Նախնական տվյալներով 2022 թվականի գարնան վերջում ռազմավարությունն ավարտված կլինի:

  • Կիսվել: