երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սիսիան-Քաջարան ճանապարհը բարդ պրոյեկտ է, կա 12 թունելներն ու 27 կամուրջ, մասնագիտական վեճերի մեջ ենք. Սանոսյան

Սիսիան-Քաջարան ճանապարհը բարդ պրոյեկտ է, կա 12 թունելներն ու 27 կամուրջ, մասնագիտական վեճերի մեջ ենք. Սանոսյան

2023-ին Հյուսիս-Հարավ ծրագրում երկու մասով թերակատարումներ ունեցանք: Այս մասին այսօր տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Որոշ դեպքերում մենք նախանշում ենք, որ հողերի օտարման գործընթացում իրականացնենք վճարումներ, բյուջեում այդ գումարները դնում ենք: Հետագայում երբ հողերի օտարման գործընթաց է տեղի ունենում, ունենում ենք դատական վեճեր, որն էլ բերում է  նրան, որ պրոցեսը երկարում է եւ չենք կարողանում տվյալ ժամանակահատվածում վճարել:

Մյուսը այն է, որ մենք որոշակի գումար էինք նախանշել Սիսիան-Քաջարան հատվածի համար, բայց այդ գործընթացի վերաբերյալ կան մի շարք բանավեճեր կամ տարբեր մտքեր, շարունակում ենք քննարկել գործընկերների հետ: Քանի որ այդ գործընթացն առաջ չգնաց, մենք չունեցանք շինարար եւ չվճարեցինք»,-ասաց Սանոսյանը:

Նա ընդգծեց, որ 2018-ից հետո փաստացի կարողացել են ասֆալտապատում ապահովել սկզբում Թալին-Լանջիկ հատվածում, հետո նաեւ Լանջիկ-Գյումրի հատվածում. «Դա միակ հատվածն էր, որ մենք շինարարություն ունեինք: Աշտարակից Թալին հատվածը մնացել է անավարտ, դատական երկար քաշքշուկներ կային եւ ժամանակավոր ճանապարհը արդեն երկար տարիներ դարձել է հիմնական ճանապարհ՝ իր խնդիրներով: Հուրախություն բոլորիս այս տարչի կարողացանք այդ երկու հատվածներում շինարարակն աշխատանքները սկսել 8 կմ-ի եւ 34 կմ-ի վրա»,-ասաց Սանոսյանը:

Հյուսիս-Հարավի մասով մյուս ուրախությունը, ըստ նախարարին, նա է, որ իրենք վերջապես հարավում ունեցել են գործընթաց, երբ մրցույթի արդյունքում Քաջարանից Ագարակ 32 կմ հատվածում կա հաղթող ընկերություն. «2024-ին առաջին անգամ հարավում կունենանք շինարարություն»:

Նա ընդգծեց, որ Սիսիան-Քաջարան հատվածը բավական բարդ պրոյեկտ է, քանի որ այնտեղ կա 12 թունել, 27 կամուրջ. «Թունելներից մեկը 8,6 կմ երկարություն ունի: Մենք ունենք մասնագիտական վեճ, թե արդյոք այս 60 կմ-ն պետք է մեկ լոտով կառուցել, թե՞ պետք է բաժանել 3 լոտերի: Գերադասել ենք հիմա բոլոր հարցերը միմյանց միջեւ լուծել, որից հետո ընտրել շինարարական ընկերություն եւ այն իրականացնել»,-ասաց ՏԿԵ նախարարը:

  • Կիսվել: