շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շուտով կհրապարակվի կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված դրամաշնորհների մրցույթի հաղթողների անունները

Շուտով կհրապարակվի կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված դրամաշնորհների մրցույթի հաղթողների անունները

Կորոնավիրուսի հետևանքները զսպող կամ ցանկացած այլ բացասական արդյունք չեզոքացնող պլատֆորմների, լուծումների և գաղափարների համար հայտարարված դրամաշնորհներ մրցույթի վերջնաժամկետն ավարտվել է։

Ինչպես այսօր հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ստեղծված հանձնաժողովն արդեն գնահատում է ներկայացված գաղափարները։

Ըստ նրա՝ լավագույն նախագծեր ներկայացրած ընկերություններին գաղափարների իրագործման նպատակով կտրամադրվի՝ համապատասխանաբար 10 մլն, 5 մլն, 3 մլն, 2 մլն դրամ գումարի չափով դրամաշնորհներ:

«Մասնակիցներն իրենք էին ընտրում, թե իրենց առաջարկած լուծումը կոնկրետ որ գումարով կարող են իրականություն դարձնել։ 133 հայտ էինք ստացել, որոնցից 37-ը գաղափարի փուլում էին, 59-ն արդեն մշակման փուլում էին, իսկ 37-ը՝ կիրառման»,- ասաց նա։

Հակոբ Արշակյանը հայտնեց, որ հավելվածների հիմնական ուղղվածությունը մեկուսացման մեջ գտնվող մարդկանց տեղաշարժերի հսկողության, ծերերի և խոցելի խմբերի օգնության, սարքավորումների և պաշտպանիչ սարքերի տվյալների գրանցման, ինչպես նաև արհեստական բանականության և վիրտուալ իրականության կիրառման նոր գործիքների լուծումներն են։ Նշվեց նաև, որ կան որոշակի լուծումներ առևտրի հարթակների և առցանց հավելվածների մասով:

Ըստ նախարարի՝ այսօր կամ վաղը հաղթողների անունները կհրապարակեն։

  • Կիսվել: