կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Շուտով կհայտարարվի «Հյուսիս–հարավի»` Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման մրցույթը. Վահե Հովհաննիսյան

Շուտով կհայտարարվի «Հյուսիս–հարավի»` Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման մրցույթը. Վահե Հովհաննիսյան

Շուտով կհայտարարվի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 4-րդ տրանշի` Սիսիան-Քաջարան հատվածի մրցույթը։ Այս մասին Եվրոպական ինտեգրման հարցերի, ինչպես նաև Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2022 թվականի կատարողականի հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Նախորդ տարի մենք հայտարարել էինք նախնական որակավորման մրցույթ, այժմ ամեն ինչ ամփոփվել է։ Այժմ 3 ֆինանսավորվող կողմ կա` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկը և Ասիական զարգացման բանկը։ Ծրագրի արժեքը մոտավորապես 1 մլրդ դոլար է, բայց դա նախագծային արժեքն է։ Մրցույթի արդյունքներով մենք կունենանք հստակ գինը»,-նշեց Հովհաննիսյանը։

Նա հույս հայտնեց, որ մրցույթը հնարավոր կլինի այս տարի ամփոփել։

Նախարարի խոսքով` հաղթողին հայտարարելուց հետո մյուս տարվա գարնանից պետք է փորձեն սկսել շինաշխատանքները։ Նրա խոսքով` որոշ ուսումնասիրություններից հետո չնախատեսված հարցեր են առաջացել, երկրաբանական հավելյալ աշխատանք անելու անհրաժեշտություն կա։

  • Կիսվել: