երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD Groupe) ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցել են նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը և ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը։

Նախարարի տեղակալը ողջունել է գործակալության առաքելությունը Հայաստանում և գործակալության կողմից իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման վստահություն հայտնել։
Նախարարի տեղակալը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարության՝ որպես ջրային ոլորտի քաղաքականություն իրականցնող մարմնի, արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ միջոցառումները, կարևորել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների պահպանման և արդյունավետ կառավարման առումով, հետաքրքրվել գործակալության կողմից մեկնարկած նոր ծրագրի բաղադրիչներով, ընթացակարգերով։

2015 թվականից Հայաստանում գործակալության կողմից իրականացվում և արդեն իսկ ավարտին է մոտենում Եվրամիության դրամաշնորհի շրջանակում Վեդու ջրամբարի կառուցման և ջրամբարին կից հողատարծքների ոռոգման համակարգերի արդիականացման աշխատանքներին աջակցող ծրագիրը։ Ջրոլորտը գործակալության առաջնահերթություններից է և հանդիպման նպատակը, ըստ ներկայացուցիչների, ջրային ոլորտին աջակցող այլ ծրագրերի հեռանկարի քննարկումն էր։

Հայաստանում մեկնարկած «Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսական զարգացում» ծրագրի առաջնային նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը ջրային բնագավառում ռազմավարության և բարեփոխումների ուղղությամբ, ինչպես նաև այն հարցերում, որոնք վերաբերում են ոռոգման համակարգերի արդիականացմանը, ջրային ռեսուրսների արժևորմանը, բարձրարժեք մշակաբույսերի ներդրմանը, ֆինանսավորման հասանելիությանը և այլն։ Այս առումով արդեն իսկ համագործակցությունն առկա է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարությունների հետ։

Նախարարի տեղակալը երկկողմ համագործակցության պատրաստակամություն է հայտնել մասնավորապես ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման, ոռոգման համակարգերի արդիականացման և ջրակորուստների նվազեցման, ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման ուղղություններով և վստահեցրել՝ նախարարության կողմից կձեռնարկվեն հնարավոր բոլոր միջոցառումները՝ երկկողմ գերակա համարվող ոլորտում համագործակցության արդյունավետության ապահովման առումով։

 

  • Կիսվել: