երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
ՇՄ նախարարությունն առաջարկում է պետական հաշվառման վերցնել օդի վրա վնասակար ներգործություն ունեցող 2440 կազմակերպություն

ՇՄ նախարարությունն առաջարկում է պետական հաշվառման վերցնել օդի վրա վնասակար ներգործություն ունեցող 2440 կազմակերպություն

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է հաստատել մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող և պետական հաշվառման ենթակա կազմակերպությունների նորացված ցանկը։ Շրջակա միջավայրի նախարարի համապատասխան հրամանի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։

Նախագծին կից ցանկում Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից ներառված է 2440 կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր և այլ տնտեսավարող սուբյեկտ։

Պետական հաշվառման ենթակա են այն իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, որոնց գործունեության հետևանքով առաջացող աղտոտող նյութերի արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշներով հաշվարկված՝ օդի պահանջվող օգտագործումը տարեկան գերազանցում է 200 միլիոն խորանարդ մետրը։

Ցանկը կազմվել և լրամշակվել է կազմակերպությունների ներկայացրած տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների տվյալների հիման վրա։

Նախագծում ընդգրկված են, մասնավորապես, հանքարդյունաբերական, շինարարական, էներգետիկ, սննդի արտադրության, առողջապահական, գիտական, կրթական և համայնքային կազմակերպություններ։ Ցանկում են նաև «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն, Երևանի ՋԷԿ-ը, «Գեոպրոմայնինգ Արարատի ոսկու կորզման գործարան» ՍՊԸ-ն, Երևանի բժշկական կենտրոններ և այլ կազմակերպություններ։

Նախագծի ընդունման արդյունքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների և ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։

Հրամանի նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 6-ը։

 

  • Կիսվել: