հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շիրակի մարզում ընթացքի մեջ են գյուղատնտեսական աշխատանքները

Շիրակի մարզում ընթացքի մեջ են գյուղատնտեսական աշխատանքները

Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում ոռոգման ջրի տրամադրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով մարտի 1-ից Շիրակի մայր ջրանցքով Կառնուտի ջրամբարում կատարվել են ջրի կուտակման աշխատանքներ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Կառնուտի ջրամբարում այս տարի ավելի շատ ջուր է կուտակվել։ Ինչպես տեղեկանում ենք  Շիրակի մարզպետարանից, մարզում ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները։

Շիրակի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի խոսքով՝ մարզում կատարվել է 13500 հա աշնանացան ցորենի ցանք, որը ձմեռացման ընթացքում վնասներ չի կրել: ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության ծրագիրը» կնպաստի գարնանացանի ցանքատարածությունների ավելացմանը։

Նշված ծրագիրն անխափան իրականացնելու համար արդեն իսկ կազմակերպվել են քննարկումներ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և համայնքապետարանների միջև։ Ծրագրով հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով տրամադրվելու է 70 հազար դրամ, եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 հազար դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության ամեն հեկտարի համար՝ 100 հազար դրամ, իսկ բազմամյա խոտաբույսերի դեպքում՝ 110 հազար դրամ:       

  • Կիսվել: