ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Շիրակի մարզի Ախուրիկ և Բայանդուր բնակավայրերում կառուցվում և վերակառուցվում են մանկապարտեզներ

Շիրակի մարզի Ախուրիկ և Բայանդուր բնակավայրերում կառուցվում և վերակառուցվում են մանկապարտեզներ

Շիրակի մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման վերահսկողության նպատակով մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ ստեղծվել է մշտադիտարկման աշխատանքային խումբ, որը գլխավորում է մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը: Այս մասին  հայտնում են մարզպետի աշխատակազմից:

Աշխատանքային խումբը  պարբերաբար այցելում է համայնքներ՝ ծանոթանալու շինաշխատանքների ընթացքին: Այս անգամ աշխատանքային խումբը եղել է Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրում, որտեղ դիտարկել է բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ընթացքը։

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի նախկին դպրոցի շենքը վերակառուցվել է որպես մանկապարտեզ։

2022 թվականին մեկնարկած այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 102 մլն 118 հազար դրամ, որից պետության համամասնությունը 70 տոկոս է։

Երկհարկանի շենքի առաջին հարկում գործելու է մանկապարտեզը՝ երկու խմբի համար, կից կառույցում ունենալու է տեխնիկական մաս և մարզադահլիճ, բուժկետ։ Երկրորդ հարկում լինելու է վարչական մաս, փոստ, խմբասենյակ, բուժկետ:

Պատասխանատուների հաջորդ կանգառը Բայանդուրում է եղել, որտեղ պետություն-համայնք համագործակցությամբ՝ 80 տոկոս ՀՀ կառավարության ներդրմամբ և համայնքի 20 տոկոս մասնակցությամբ, ավարտին են մոտենում մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները։

Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար և ունենալու է երկու խումբ՝ բոլոր հարմարություններով, ապաստարանով։ 2 փուլով իրականացվող այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 273 մլն 801 հազար դրամ, որից երկրորդ փուլի աշխատանքների պայմանագրային արժեքը 116 մլն 660 հազար դրամ է։

 

Աշխատանքային խումբը արձանագրված թերացումները հնարավորինս շուտ վերացնելու հանձնարարական է տվել շինարարին։      

  • Կիսվել: