հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Շինարարությունը՝ տնտեսության զարգացման կարևոր օղակ. Երևանում հանդիսավորությամբ նշվեց Շինարարի օրը

Շինարարությունը՝ տնտեսության զարգացման կարևոր օղակ. Երևանում հանդիսավորությամբ նշվեց Շինարարի օրը

Շինարարի օրվա առթիվ օգոստոսի 11-ին Քաղաքաշինության կոմիտեն և Շինարարների միությունը մեկ հարկի տակ էին համախմբել վաստակաշատ և երիտասարդ շինարարների, երկրի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների, որոնք փաստեցին՝ տնտեսության առաջընթացի ապահովման կարևորագույն ցուցիչներից մեկը շինարարության զարգացումն է:

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանն ընդգծեց՝ կիսամյակի տվյալներով՝ ոլորտում աճը կազմում է 17 տոկոս: «Դինամիկան նկատելի է թե՛ պետական, թե՛ համայնքային, թե՛ մասնավոր ծրագրերում: Խոստումնալից է նաև այն, որ շինարարական եռուզեռը մարզեր է տեղափոխվում: Կոմիտեն նախորդ տարի կառավարել է տարբեր նշանակության 185 քաղաքաշինական ծրագիր, իսկ այս տարի արդեն ընթացքի մեջ է 390 ծրագիր»,-ասաց նա:

Ղուլարյանը հիշեցրեց՝ ՀՀ կառավարությունը ստանձնել է պարտավորություն իրագործելու մի քանի դպրոցական և նախադպրոցական, առողջապահական, մարզական, մշակութային օբյեկտների, հազարավոր կիլոմետրեր ճանապարհների, մի քանի տասնյակ ջրամբարների, թունելների, կամուրջների կառուցման, բնակարանաշինարարական և սուբվենցիոն մեծածավալ ծրագրեր, որոնց հիմքում ՀՀ կառավարության մոտեցումը հստակ է. կառուցում են որակյալը հետագա սերունդների համար՝ ցուցաբերելով կլաստերային համալիր մոտեցում ու կառույցը և դրա բովանդակությունը դիտարկելով որպես մեկ ամբողջականություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով էլ կապիտալ շինարարությունը Հայաստանի տնտեսության ամենատեսանելի և առաջ մղող ուժն է: «Ունենք 17 տոկոս աճ, սակայն այդ աճի պոտենցիալն ավելի մեծ է: Շինարարության խթանման հիմնական գործիքը այն քաղաքականությունն է, որ վարում է Կառավարությունը և՛ պետական, և՛ մասնավոր հատվածում: Պետական հատվածում ունենք 300 դպրոցի, 500 մանկապարտեզի, տարեկան 500 կմ ավտոճանապարհի, 50 բժշկական կենտրոնի նախագծեր, 255 հազար բնակարան շինարարության տարբեր փուլերում է, և դրանում էական  նշանակություն ունի այն փաստը, որ նախորդ տարվա տվյալներով  մոտավորապես 35 մլրդ դրամ եկամտային հարկի գծով վերադարձրել ենք քաղաքացիներին: Նրանք դա օգտագործում են հիփոթեքային վարկի սպասարկման համար, որով խթանվում է շինարարությունը: Եթե շինարարությունը որպես ամբողջություն չդառնա ինդուստրիա, մենք խնդիր կունենանք մեր մակրոծրագրերն իրականացնելու հարցում»,-հավաստիացրեց Փաշինյանը:

Նա ստեղծարար մասնագիտություն համարեց շինարարի աշխատանքը՝ նշելով, որ այն  ամպլիտուդի մի բևեռում է, ոսկերչությունն էլ՝ մյուս բևեռում:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն էլ անդրադարձավ մայրաքաղաքի դիմագծին՝ ասելով, որ այն փոխվում է: Նա նշեց՝ Երևանում կառուցվում են բազմաբնակարան շենքեր, մանկապարտեզներ, դպրոցներ, ճանապարհներ, վերանորոգվում են կամուրջներ, նախագծվում են նորերը, սակայն  առաջանում են նաև բազմաթիվ խնդիրներ, որոնց փորձում են երկարաժամկետ և ինստիտուցիոնալ լուծումներ տալ: «Շինարարությունն ազդում է շրջակա միջավայրի վրա, գեներացնում է փոշի, որից բողոքում են բնակիչները, և Երևան քաղաքը նոր նորմեր է սահմանում: Շուտով Երևանում փոշու որսիչ ցանցեր, հատուկ սարքեր,  բազմաբնակարան շենքերի կառուցման նոր նորմեր կլինեն»,-հայտնեց Ավինյանը:

Քաղաքապետի տեղակալը փաստեց, որ Աջափնյակ վարչական շրջանում շատ են վթարային  շենքերը, կան թաղամասեր, որոնք պետք է վերակառուցվեն: Այն հատվածները, որտեղ շատ են վթարային շենքերը, քաղաքապետարանը նախաձեռնելու է նոր թաղամասերի կառուցում:

Շինարարների միության ղեկավար Գուրգեն Մինասյանը ևս ընդգծեց, որ կառուցում ու շահագործման են հանձնվում բնակելի, հասարակական, արտադրական, տրանսպորտային և այլ կառույցներ, իրականացվում են մեծածավալ ճանապարհաշինարարական աշխատանքներ: «Մեր միությունը և նրա գործընկեր կազմակերպությունները, կառուցապատողները ընդլայնում են համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ, ինչը  նպաստում է երկրի շինարարական մշակույթի զարգացմանը, շինարարության ժամանակակից մեթոդների կիրառմանը, նորագույն տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը»,-շեշտեց նա:

Մինասյանը կարևորեց այն հանգամանքը, որ վաստակաշատ շինարարների կողքին ոլորտում ներգրավված են բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներ, որոնք հնարավորություն ունեն ժամանակակից պահանջներին համապատասխան կազմակերպելու և ղեկավարելու  շինարարական տնտեսությունը:

Հանդիպմանը շինարարության զարգացման գործում ներդրած ավանդի համար մի խումբ շինարարների հուշամեդալներ, շնորհակալագրեր հանձնեցին ՀՀ վարչապետը, Երևանի քաղաքապետարանը, Քաղաքաշինության կոմիտեն: Շինարարներից մի քանիսն էլ «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանն արժանացան:

  • Կիսվել: