երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շենքեր, շինություններ առանց թույլտվության քանդելու, ապամոնտաժելու համար կսահմանվի տուգանք

Շենքեր, շինություններ առանց թույլտվության քանդելու, ապամոնտաժելու համար կսահմանվի տուգանք

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է շենքերի և  շինությունների՝ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու դեպքում կիրառել վարչական պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը:

Գրիգորյանը նշեց, որ Վարչական օրենսգրքով տուգանքի ձևով պատասխանատվություն է սահմանված կառուցապատումը որոշ դեպքերում՝ չիրականացնելու, ինքնակամ իրականացնելու, ժամանակին չավարտելու դեպքերում: «Բայց լինում են դեպքեր, երբ քանդումը, որպես քաղաքաշինական գործունեություն, դուրս է մնում պատասխանատվությունից: Եվ  այս նախագծով մենք փորձում ենք նաև քանդման որոշակի դեպքերի առումով սահմանել վարչական պատասխանատվություն»,-ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը:

Գործող կարգավորմամբ՝ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար ևս տուգանք է նախատեսվում: Տուգանքի չափը որոշվում է սկզբում՝ շինարարության նախահաշվային արժեքի 1 տոկոսի չափով, իսկ ժամկետում չավարտելու դեպքում՝ 10 տոկոսի չափով:

«Հաճախ ունենում ենք դեպքեր, երբ տվյալ քաղաքաշինական ծրագիրը նախահաշիվ չի ունենում: Եվ հարց է առաջանում, թե ինչպես որոշել տուգանքի չափը: Այս խնդրից խուսափելու համար առաջարկում ենք, որ այն դեպքերում, երբ նախագիծը նախահաշիվ չունի, տուգանքի չափը որոշվի լիազոր մարմնի կողմից սահմանված խոշորացված ցուցանիշներով»,-ասաց Գրիգորյանը:
 

Նախագիծը ԱԺ հանձնաժողովում հավանություն ստանալուց հետո կքննարկվի լիագումար նիստում:

  • Կիսվել: