երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
Շարունակվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը

Շարունակվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը

Հունիսի 25-ին Երևանում շարունակվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը՝ պայմանավորված Նախաձեռնությունում 2024-2025 թվականներին Հայաստանի համանախագահող երկիր լինելու հանգամանքով:

Ինչպես տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից, 6-րդ հանդիպման երկրորդ օրը բովանդակալից քննարկում է անցկացվել Ասիայում տեղեկությունների արդյունավետ փոխանակման հարցերի շուրջ՝ «Տեղեկությունների ավտոմատ փոխանակման, ինչպես նաև հարցման հիման վրա տեղեկությունների փոխանակման համատեղ զարգացում» թեմայով: Մասնակիցներն անդրադարձել են միասնական հաշվետվողական ստանդարտի ներդրման արդյունավետության բարձրացման մշակվող ռազմավարությանը, ինչպես նաև անդամ պետությունների ներքին ռեսուրսների մոբիլիզացիայի և տվյալների ավտոմատ փոխանակման արդյունքում ստացված տեղեկատվության կիրառման օգտակարության ուղղությամբ կատարված աշխատանքներին։

Նիստի ընթացքում դիտարկվել է նաև Ասիայի նախաձեռնության անդամ երկրներին աջակցելու նպատակով հարկերից խուսափելու դեմ պայքարում կարողությունների զարգացման դերը՝ տեղեկատվության փոխանակման միջոցով։ Հանդիպմանը ՏՀԶԿ-ն ներկայացրել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի եկամուտների վիճակագրության նոր հրատարակությունը, որը ներառում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան 36 երկրների համար հարկային եկամուտների վերաբերյալ մինչև 2022 թվականի համաձայնեցված տվյալները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում հարկային համագործակցության զարգացման հեռանկարներին։

Երևանում անցկացվող 6-րդ հանդիպմանը մասնակցում են Ասիական նախաձեռնության լիիրավ անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները, ինչպես նաև դիտորդ երկրների, գործընկեր կառույցների, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի (ADB), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Հարկային մարմինների համագործակցության ասոցիացիայի (Commonwealth Association of Tax Administrations) ներկայացուցիչները:

  • Կիսվել: