ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շահումով խաղերի օգտահաշիվների դրամային համալրումը տեղի կունենա բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկային հաշիվներից․ Խաչատրյան

Շահումով խաղերի օգտահաշիվների դրամային համալրումը տեղի կունենա բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկային հաշիվներից․ Խաչատրյան

Նախատեսվում է սահմանել կարգավորումներ, որոնք նպատակ ունեն սահմանափակել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման հարթակներին քաղաքացիների հասանելիության եղանակները և նվազեցնել սոցիալական առումով հասարակության զգայուն հատվածի խոցելիությունը:

Այս հարցի քննարկումն այսօր կառավարության նիստում քննարկման էր դրված: Առաջարկվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում և ուղեկցող օրենքում փոփոխություններ կատարել: Նախաձեռնությունը պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի կողմից է շրջանառված:

«Այսօր շահումով խաղերի հարթակներին անսահմանափակ հասանելիություն ունեն նաև մեր հասարակության սոցիալապես խոցելի որոշակի խմբեր, որոնք խաղային միջավայրում կարծեցյալ հնարավորություններ փնտրելով շատ հաճախ կորցնում են իրենց սահմանափակ ֆինանսական միջոցները և ավելի խորացնում իրենց սոցիալական դժվարությունները: Դրա մասին անուղղակիորեն վկայում է խաղաղային հարթակներում մասնակիցների թվի ավելացումը, որը որոշ տվյալներով վերջին տարիներին ավելացել է ավելի քան 2 անգամ»,-այս մասին նիստում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և հավելեց, որ դրան նպաստում են նաև խաղադրույքներ կատարելու այն եղանակները, որոնք այսօր առկա են: Մասնավորապես կարող են խաղադրույքներ կատարվել խաղերի կազմակերպիչների գրասենյակներում՝ կանխիկ եղանակով կամ վճարային տերմինալների միջոցով:

«Այս նախագիծը նպատակ ունի սահմանափակել կանխիկ եղանակով կամ վճարային տերմինաների միջոցով՝ անմիջապես օրենքն ընդունելուց հետո, իսկ 6 ամիս հետո նաև էլեկտրոնային դրամապանակների միջոցով օգտահաշիվների լիցքավորումը և, ըստ էության պահանջվում է, որ դրանից հետո օգտահաշիվների դրամային համալրումը տեղի ունենա բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկային հաշիվներից»,- ասաց Խաչատրյանը:

Նախագծի հեղինակներն առաջարկում են՝ առաջին փուլում արգելվի տոտալիզատորների, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվների կանխիկ եղանակով դրամական միջոցների մուտքագրումը՝ այդ թվում նաև վճարային տերմինալների միջոցով, իսկ երկրորդ փուլում՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամիս անց նախատեսվում է, որ հաճախորդները մասնակցության համար պետք է օգտվեն միայն իրենց բանկային հաշիվներից՝ բացառելով այլ վճարահաշվարկային համակարգերից օգտվելու հնարավորությունը:

  • Կիսվել: