հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շահաբաժնից պահված եկամտահարկը հետ կստանան բարձր հարկային կարգապահություն ունեցողները. նախագիծ

Շահաբաժնից պահված եկամտահարկը հետ կստանան բարձր հարկային կարգապահություն ունեցողները. նախագիծ

Առաջարկվում է շահաբաժնից պահված եկամտային հարկը հետ ստանալու հնարավորություն ընձեռել միայն այն կազմակերպությունների տերերին կամ մասնակիցներին, որոնք ունենք հարկային կարգապահության բարձր մակարդակ, կամ որոնք այդ հարկը հետ ստանալու դիմումի ներկայացման և դրան նախորդող հարկային տարվա ընթացքում չեն ունեցել այս նախագծով առաջարկվող իրավավախախտումները: Այդ մասին Ազգային ժողովի ապրիլի 9-ի նիստին ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որն ուղղված է հարկային կարգապահության խթանմանը:

Ըստ նախարարի տեղակալի՝ խախտումները մասնավորապես վերաբերում են հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները խախտելուն, աշխատանքի կանոնների ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելուն, լիցենզավորման, ծանուցման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակներն առանց լիցենզիայի ծանուցման տրամադրելուն և այլն:

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը արձագանքեց՝ կարգավորումն այն մասին է, որ եթե պետությունը որևէ կերպ աջակցում է ընկերություններում ներդրումներին հենց իրենց միջոցներով, և դրա վերաբերյալ հարկային մոտեցում է ցույց տալիս, այն է՝ արտոնություն կամ վերադարձ է կիրառում, ապա այդ արտոնությունը պետք է վերաբերի պետության նկատմամբ իրենց պարտավոությունները կատարող պարտաճանաչ բիզնեսներին:

Արշակյանը նաև հետաքրքրվեց՝ ինչ ծավալների է հասնում նման մոտեցման դեպքում կիրառվող արտոնության մասով վերադարձի գումարը, նախորդ տարինեին ինչ ծավալներ են եղել, քանի գործարար է դիմել նման արտոնությունը ստանալու:

Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ այս տարիների ընթացքում, եթե 2017-2018 թվականներից դիտարկելու լինենք, շահաբաժիններից հավաքվել է շուրջ 66-67 միլիարդ դրամ եկամտային հարկ, որի 55 տոկոսը՝ մոտավորապես 35 միլիարդ դրամը, վերադարձվել է:  

«Շահառուների թվաքանակը, քանի որ բաժնետետրի մասին ենք խոսում, ոչ թե կազմակերպությունների, տարեցտարի փոխվում է, բայց շուրջ 4500-5000 մասնակցի մասին է խոսքը, այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ վճարված հարկի շուրջ 55 տոկոսը վերադարձվում է այս 4500-5000 մասնակցին»,- ասաց նախարարի տեղակալը, ընդգծեց, որ ոլորտի տնտեսվարողների կողմից դեռ թույլ են տրվում խախտումներ, բայց նաև հույս հայտնեց, որ նախագծի ընդունման դեպքում խախտումները կվերանան:

  • Կիսվել: