երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. նախարար

ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. նախարար

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունն ակտիվ աշխատանքներ է տանում Սևանա լճում եզակի և էնդեմիկ համարվող Սևանի կողակ ձկնատեսակի պոպուլյացիան վերականգնելու ուղղությամբ։ 

Այս մասին տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման ու հրապարակած տեսանյութի միջոցով:

 

«Սևանի կողակը (Capoeta capoeta sevangi de Filippi, 1865) պատկանում է ծածանազգի ձկների ընտանիքին և հանդիսանում է Սևանա լճի էկոհամակարգի համար առանցքային դեր ունեցող ձկնատեսակ: Այս ձկնատեսակը ներկայումս գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում՝ որպես խոցելի ենթատեսակ: 

Սևանի կողակի պաշարների նվազման հիմնական պատճառները կապված են բնական վերարտադրության պայմանների վատթարացման, նոր տեսակների ներթափանցման և ձկնագողության հետ: Այնուամենայնիվ, Սևանի կողակի էկոլոգիական նշանակությունը Սևանա լճի էկոհամակարգում մեծ է, և դրա պաշարների ավելացումը կարող է դրական ազդեցություն ունենալ լճի էկոհամակարգի կայունության վրա՝ մասնավորապես մեղմացնելով լճի «ծաղկման», էվտրոֆացման գործընթացը»,- նշված է գրառման մեջ:

Սևանի կողակի պաշարների վերականգնման գործընթացի շրջանակում նախարարությունը նախատեսում է իրականացնել միջոցառումներ՝ ծավալելով մայրական կազմի հավաք և գենոֆոնդի ձևավորում՝ անազատ կամ կիսաազատ պայմաններում:

«Այստեղ արդեն իսկ հաջողություն ենք գրանցել․ հավաքվել են Սևանի կողակի շուրջ 2000 ծնողական կազմի առանձնյակներ»,- գրել է նախարարը:

Շրջակա միջավայրի նախարարության միջնորդությամբ՝ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գտնվող «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան աճեցման գործարանում իրականացվում են նաև կողակի վերարտադրությանը և պաշարների վերականգնմանն ուղղված այլ աշխատանքներ: 

Մասնավորապես, արդեն վերակառուցվել են 4 բացօթյա ավազաններ՝ ընդհանուր մակերեսով 600 մ²: 

Իրականացվել է Սևանի կողակի բնական լճակային համակարգում վերարտադրության փորձ, իսկ այժմ կատարվում են ինկուբացիոն համակարգերի ձեռքբերման և վերազինման աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտել 2025 թվականին, որից հետո կմեկնարկի այս ձկնատեսակի արհեստական վերարտադրության բուն գործընթացը:

 

  • Կիսվել: