երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար մանրաձուկ

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար մանրաձուկ

Նոյեմբերի 16-ին «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից պետական միջոցների հաշվին աճեցված մանրաձկան հերթական խմբաքանակն է բաց թողնվել Սևանա լիճ։
 
Ինչպես տեղեկացրին շրջակա միջավայրի նախարարությունից՝ Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար հատ մանրաձուկ՝ 3,9 գրամ միջին քաշով։
 
Բնապահպանական միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, «Սևան» ազգային պարկի, շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, «Սևանի իշխան» ՓԲԸ ներկայացուցիչներ։
 
«Շրջակա միջավայրի նախարարության ընթացիկ ծրագրում նաև Սևանի իշխանի պահպանության ու վերարտադրության քաղաքականությունն է, որի շրջանակներում էլ այսօր իրականացնում ենք սույն միջոցառումը։ Միաժամանակ մեր ուշադրության կենտրոնում են Սևանա լճի և լիճ թափվող գետերի ջրային և կենդանական ռեսուրսների պահպանության խնդիրները, որոնց փորձում ենք լուծում տալ մեկ ընդհանուր ծրագրային փաթեթով, իրար փոխկապակցված ու փոխլրացնող քայլերի իրականացմամբ»,- նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
 
«Սևանի իշխան» ՓԲԸ տնօրեն Տիգրան Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում սա նմանատիպ երկրորդ միջոցառումն է, որի արդյունքում, ընդհանուր գումարով, Սևանա լիճ է բաց թողնվել «Գեղարքունի» տեսակի 230 հազար հատ մանրաձուկ։

  • Կիսվել: