«Սևան» ազգային պարկի տարածքում իրականացվել է ոչ թե ծառահատում, այլ ծառերի սանիտարական էտ. ՇՄՆ
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր՝ «Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը»։ Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել հոդվածի մասով, որում մասնավորապես ասվում է.
««Սևան» ազգային պարկի տարածքում իրականացվել է ոչ թե ծառահատում, այլ ծառերի սանիտարական էտ, և դա տեղի է ունեցել դեռ ամիսներ առաջ։
Խոսքը դեռևս 1950–1960-ական թվականներին տնկված բարդիների մասին է, որոնց մի մասը գերհասուն է, թեքված, կորցրել է կենսունակությունը և վտանգ է ներկայացնում հանգստացողների ու տնտեսավարողների համար։
Տեղեկացնենք նաև, որ նախքան էտը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և մասնագիտական աշխատանքային խմբերի կողմից իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ, հաշվառման և գնահատման աշխատանքներ։
Ծառերի էտն իրականացվում է շրջակա միջավայրի նախարարության սահմանած կարգով։ Էտից հետո ծառերը ձևավորում են նոր սաղարթ, ինչի արդյունքում բարձրանում է դրանց կենսունակությունը»։



