կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սահմանամերձ Խնձորուտում և Բարձրունիում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ կան. առուներ են ցամաքել. մարզպետ

Սահմանամերձ Խնձորուտում և Բարձրունիում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ կան. առուներ են ցամաքել. մարզպետ

Վայոց ձորի մարզի սահմանամերձ գյուղերում՝ Խնձորուտում և Բարձրունիում, ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ կան: Այդ մասին Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

Մարզպետը նաև նկատեց, որ ոռոգման խնդիրն ամբողջ երկրում կա, հարցը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է, և այժմ փորձ է արվում խնդիրը լուծել սուբվենցիոն ծրագրերով:

«Այս պահի դրությամբ չեմ ասի, որ մեծ է խնդիրը, բայց առկա է: Լրացուցիչ միջոցներ ենք մտածել, որ համայնքի շահառուներին, բնակիչներին հասցնենք ոռոգման ջուրը, բայց դե ուսումնասիրություններ են իրականացվում: Հիմա հնչեցնեմ պատասխան, որ այս եղանակով խնդրին լուծում կտանք, ճիշտ չի լինի, քանի որ դեռևս ուսումնասիրության փուլում է»,- ասաց նա:

Մարզպետը կարծիք հայտնեց, որ ուսումնասիրությունն այս շաբաթ կավարտվի, ինչից հետո պետք է այցելել այն տարածքներ, որտեղից ենթադրվում է, որ հնարավոր կլինի ջուր բերել՝ ավելացնելով ջրի ծավալը դեպի շահառու, բնակիչ:

«Մենք ունենք առուներ, որոնցում նախկինում ջուր է եղել, հիմա չկա, ցամաքել են: Դրա համար բարդ, շատ բարդ խնդիր է»,- ասաց մարզպետը:

  • Կիսվել: