ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
S&P-ը Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսումը 4,7%-ից իջեցրել է 1,3%-ի. պարենի գները կշարունակեն աճել

S&P-ը Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսումը 4,7%-ից իջեցրել է 1,3%-ի. պարենի գները կշարունակեն աճել

Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը ռուս–ուկրաինական կոնֆլիկտի ու արևմտյան պատժամիջոցների ֆոնին վերանայել է ՀՀ տնտեսական կանխատեսումը։
Ինչպես հայտնում է գործակալության կայքը, 2022 թվականի ՀՆԱ-ի կանխատեսումը 4,7%-ից իջեցվել է 1,3%-ի։ Նշվում է նաև, որ Հայաստանի արտաքին անվտանգությանը սպառնացող ռիսկերը նույնպես պահպանվում են։ S&P-ն չի բացառում, որ գնաճը կանխելու համար ՀՀ Կենտրոնական բանկը ստիպված լինել հետագայում բարձրացնել տոկոսադրույքները։
 
Կանխատեսվում է նաև պարենային ապրանքների գների բարձրացում` պայմանավորված արտաքին դեֆիցիտով։ Իսկ ՀՀ–ից արտահանվող մետաղների համաշխարհային գների աճը, ըստ կանխատեսումների, ի վիճակի չեն լինի ամբողջությամբ ծածկել դեֆիցիտը։
 
S&P-ը հաշվարկել է նաև ՌԴ–ից, Բելառուսից ու Ուկրաինայից Հայաստան ժամանակավոր տեղափոխված ընկերությունների ու անհատների հնարավոր ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա։ Կանխատեսման համաձայն, դա դրական ւազդի ՀՀ տնտեսության վրա, բայց թե որքանով, պարզ չէ, քանի որ պարզ չէ, թե որքան ժամանակ նրանք կմնան Հայաստանում։ Այդուհանդերձ, առաջիկայում ակնկալվում է նաև զբոսաշրջիկների հոսք նույն երկրներից, հատկապես այլ երկրներ մեկնելու հնարավորության նվազման ֆոնին։
 
«Ձեռնարկություններին և ընտանիքներին նպատակային աջակցություն ցուցաբերելու համար կառավարությունը պետք է օգտագործի մոտ 67 մլրդ դրամ (մոտ 140 մլն դոլար) պահուստային ֆոնդ կամ ՀՆԱ-ի 1%-ից քիչ պակաս: Հանրապետությունը կարող է նաև բյուջետային աջակցության կարիք ունենալ, որը կարելի է ստանալ ԱՄՀ-ից։ 430 մլն դոլարի վարկն ավարտվում է այս տարի, սակայն հաշվի առնելով տարածաշրջանի ծանր տնտեսական իրավիճակը և Հայաստանի՝ որպես ԱՄՀ գործընկերոջ հուսալիությունը, հիմնադրամը կարող է լրացուցիչ բյուջետային վարկ տրամադրել»,– ասված է S&P-ի վերլուծության մեջ։
 
Այս ոչ այնքան լավատեսական կանխատեսումների ֆոնին, սակայն, միջազգային վարկանիշային կազմակերպությունը Հայաստանի վարկային վարկանիշները պահպանել է B+ և B մակարդակներում` կարճաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերի համար։
Ինչ վերաբերում է երկարաժամկետ կանխատեսումներին, 2023-25 թվականներին S&P-ը ՀՀ–ի համար կանխատեսում է ՀՆԱ-ի տարեկան միջինը 4,3% աճ՝ շնորհիվ ապրանքների և ծառայությունների ներքին պահանջարկի աճի։ Մինչև 2022 թվականի վերջը կառավարության պետական պարտքը կանխատեսվում է 62%–ի սահմաններում, իսկ մինչև 2025 թվականը` 53%–ի։
 
2023-25 թվականներին ակնկալվում է նաև պարենային ապրանքների համաշխարհային գների կայունացում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից տրանսֆերտների ներհոսքի վերականգնում։
Բանկային հատվածում ևս 2023 թվականից ակնկալվում է վարկավորման աճ։

  • Կիսվել: