Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի գույքը մտադիր են օտարել 38 մլն դրամով
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կոտայքի մարզի, Աբովյան համայնքի Հատիս փողոց թիվ 6/5 հասցեում գտնվող 336.96 քմ մակերեսով անշարժ գույքը (ավտոտնակներ), ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.047436 հեկտար մակերեսով հողամասը հանդիսանում է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը և Պետական գույքի կառավարման կոմիտեն վերջինիս հետ քննարկել է դրա օտարման նպատակահարմարությունը։
Կոտայքի մարզպետարանի կողմից նշված գույքի օտարման նպատակով տրվել է դրական դիրքորոշում և տրամադրվել է գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որի հիման վրա 2022 թվականի դեկտեմբերի 16-ին իրականացվել է շուկայական արժեքի գնահատում և այն կազմել է 38 360 000 դրամ։
Նախագծով նախատեսվում է միայն այն հետ վերցնել Ընկերությունից և հանձնել Հայաստանի Հանրապետությանը (ի դեմս Պետգույքի կառավարման կոմիտեի), որից հետո Կոմիտեի նախագահի հրամանով այն կներկայացվի օտարման։
«Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի» սեփականությունը հանդիսացող,այս գույքը Կոմիտեին ամրացնելը և հետագայում պետական կարիքների համար տնօրինելը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։