հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ-ի հետ ագրոպարենային արտադրանքի առևտրաշրջանառությունը 2021-ին աճել է շուրջ 19.8%-ով

ՌԴ-ի հետ ագրոպարենային արտադրանքի առևտրաշրջանառությունը 2021-ին աճել է շուրջ 19.8%-ով

Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը ապրիլի 12-ին հանդիպում են ունեցել ՌԴ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Որպես համատեղ աշխատանքի արդյունքի օրինակ նշվել է ագրոպարենային ոլորտի արտադրանքի առևտրաշրջանառության աճը, ինչն իրականացվում է ինչպես երկկողմ հարաբերությունների, այդպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ագրոպարենային ոլորտի արտադրանքի առևտրաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 753.8 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2021 թվականին՝ 903.1 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է շուրջ 19.8%: Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն 2020 թվականին կազմել է 428.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2021 թվականին՝ 534.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ շուրջ 24.7%-ով ավելի է:

Հանդիպմանը քննարկվել են ագրոարդյունաբերության ոլորտում փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները, երկուստեք ընդգծվել է, որ ագրոարդյունաբերական ոլորտում համագործակցությունն ունի զարգացման զգալի ներուժ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև գյուղարտադրողների գործարար այցերի կազմակերպմանը։ Վահան Քերոբյանն ու Դմիտրի Պատրուշևը համակարծիք էին, որ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում անմիջական երկխոսության կազմակերպումը ներկայումս առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն նպաստում է երկու երկրների պարենային անվտանգության պահպանմանը։

Հանդիպման ավարտին ընդգծել են փոխգործակցության համար հետագա զարգացման մեծ հնարավորությունները և նշել, որ կայացած հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

  • Կիսվել: