ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քննարկվել են թռչնամսի շուկայում առկա մրցակցային խնդիրները

Քննարկվել են թռչնամսի շուկայում առկա մրցակցային խնդիրները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր քննարկում է տեղի ունեցել թռչնամսի շրջանառության ոլորտում առկա մրցակցային խնդիրների վերաբերյալ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Քննարկմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, թռչնամսի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հասարակական խորհրդի անդամներ, այլ պաշտոնատար անձինք:

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնել է, որ նախորդ տարի հանձնաժողովը ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ թռչնամսի շրջանառության ոլորտում մրցակցային ընդհանուր իրավիճակի բացահայտմանն ուղղված համալիր ուսումնասիրություն է իրականացրել, որի արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն:

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ ուսումնասիրությունը մասնավորապես ցույց է տվել, որ համաշխարհային շուկայում աճում են թռչնամսի արտադրության ծավալները, սակայն առավել առաջանցիկ տեմպերով աճում է սպառումը, և կա կանխավարկած, որ առաջիկա տարիներին այն շարունակվելու է, ինչը նախադրյալներ է ստեղծում տեղական արտադրության ընդլայնման համար: Հանդիպման նպատակն էր քննարկել այն առանցքային պատճառները, որոնք խոչընդոտում են հավի մսի տեղական արտադրության ծավալների ավելացումը, քանի որ դրանք թեպետ ավելացել են, սակայն հավի մսի ինքնաբավության մակարդակը դեռևս ցածր է՝ շուրջ 30 տոկոս:

Հանդիպմանը ներկա տնտեսվարողներն ի պատասխան բարձրաձայնել են մի շարք հարցեր, մասնավորապես, հումքի ներկրման, սննդամթերքի անվտանգության և ստանդարտների պահպանման, մայրական կազմի համալրման և այլ խնդիրների վերաբերյալ:

Ոլորտի պատասխանատուները պարզաբանումներ են ներկայացրել և պատրաստակամություն հայտնել քննարկելու բարձրացված խնդիրների լուծման ուղիները:

 

  • Կիսվել: