ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Քաղաքացիական ծառայության մասին» և «Ներքին աուդիտի մասին» օրենքներում առկա հակասությունը կվերացվի. նախագիծ

«Քաղաքացիական ծառայության մասին» և «Ներքին աուդիտի մասին» օրենքներում առկա հակասությունը կվերացվի. նախագիծ

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Ներքին աուդիտի մասին» օրենքներում առկա հակասությունը, ինչպես նաեւ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման համար սահմանել որոշակի բացառություններ:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ ներքին աուդիտորներին համարել հանրային ծառայողներ: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ի նիստում:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Զեկուցողի խոսքով օրենքով ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար չի կարող նշանակվել այն անձը, որը պաշտոնի նշանակմանը նախորդող երկու տարվա ընթացքում կազմակերպությունում կամ կազմակերպության համակարգում զբաղեցրել է կառուցվածքային, այդ թվում՝ ինքնուրույն ստորաբաժանման ղեկավար պաշտոն:

Ըստ Արթուր Մանուկյանի՝ նախագծով առաջարկվում է վերոնշյալ երկու տարի ժամկետը փոխարինել վեց ամսով, ինչպես նաեւ բացառություն սահմանել ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի համար:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հիշեցրել է, որ նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ որոշում էր կայացվել այն հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով: «Մենք այս ընթացքում աշխատանքային քննարկում ենք ունեցել ՊԵԿ նախագահի հետ, եկել ենք որոշակի համաձայնության»,- ընդգծել է պատգամավորը: Գեւորգ Պապոյանն առաջարկել է նախագծով ամրագրված վեցամսյա ժամկետը փոխարինել մեկ տարով, ինչպես նաեւ հանել ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի համար սահմանված բացառությունը:

Հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել Գեւորգ Պապոյանի առաջարկներին:

Նախաձեռնության լրամշակված տարբերակն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

 

  • Կիսվել: