երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Քննարկվել են ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված գնումների կանոնների վերանայմանն առնչվող հարցեր

Քննարկվել են ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված գնումների կանոնների վերանայմանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ-նախարար Բախիտ Սուլթանովի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև համագործակցության ու առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես՝ ԵԱՏՄ պայմանագրի դրույթների կիրարկման ապահովման տեսանկյունից: Այս մասին տեղեկացրին ֆինանսների նախարարությունից:

«Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված գնումների կանոնների վերանայման, ինչպես նաև գնման ընթացակարգերին անդամ երկրների սուբյեկտների մասնակցության խոչընդոտների վերացմանն առնչվող հարցերի:

Նախարար Սուլթանովը բարձր է գնահատել գնումների ոլորտում անդամ երկրների միջև համագործակցության շրջանակներում հայկական կողմի ցուցաբերած ակտիվությունը, կառուցողական մոտեցումներն ու նախաձեռնողականությունը:

Վահե Հովհաննիսյանն ընդգծել է հայկական կողմի հետաքրքրվածությունը Ղազախստանի էլեկտրոնային գնումների համակարգին ծանոթանալու հարցում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս շարունակել ջանքերը համագործակցության զարգացման և ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: