շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Քննարկվել են ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանն առնչվող մի շարք հարցեր

Քննարկվել են ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանն առնչվող մի շարք հարցեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային ռեսուրսների և էմիրաթիզացիայի նախարար Աբդուլռահման Ալ Ավարի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։

Ընդգծելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև ոլորտային արդյունավետ համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը շեշտել է ԱՄԷ և ՀՀ կառավարությունների միջև 2022 թ․ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում նախարարն առանցքային է համարել ՀՀ քաղաքացիների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության ապահովումը։

Աբդուլռահման Ալ Ավարը նշել է, որ ԱՄԷ-ն պատրաստ է իրականացնել աշխատողների հավաքագրումն ու Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու նախապատրաստումը, աշխատանքի ընդունման հետ կապված համապատասխան օրենքների, կանոնակարգերի ու ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և այլն։ Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիների մուտքն ու աշխատանքի տեղավորումը կկազմակերպվի տեղի օրենքներին համապատասխան, և կարվի հնարավորը՝ պատշաճ վերահսկելու աշխատանքային պայմանագրի շրջանակում երկուստեք ամրագրված իրավունքների և պարտականությունների կատարումը։

  • Կիսվել: