կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քննարկվել է ԱԺ բյուջետային գրասենյակի՝ 2023 թվականի տարեկան հաշվետվությունը

Քննարկվել է ԱԺ բյուջետային գրասենյակի՝ 2023 թվականի տարեկան հաշվետվությունը

Բյուջետային գրասենյակը 2023 թվականի ընթացքում ստացել է 45 հարցում, որից 17-ը՝ պատգամավորական, 28-ը՝ մշտական հանձնաժողովներից: Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներին, մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաեւ պատգամավորների է տրամադրվել 511 տեղեկանք. այս մասին ասել է ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Հայկազ Նասիբյանը:

 

ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի՝ 2023 թվականի տարեկան հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 19-ի նիստում:

 

Բյուջետային գրասենյակը հաշվետու ժամանակահատվածում պատրաստել ու Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության, ՀՀ 2023 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի, ՀՀ 2023 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի, ինչպես նաեւ ՀՀ 2023 թվականի ինն ամիսների պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի եւ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագրերը:

Բյուջետային գրասենյակը պատրաստել է նաեւ 192 ոլորտային տեղեկանք ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման ընթացքի վերաբերյալ, որոնք տրամադրվել են ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովներին՝ ըստ իրենց գործունեության ոլորտների, ինչպես նաեւ ԱԺ նախագահին, Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, բոլոր խմբակցություններին եւ պատգամավորներին:

Պատրաստել է 6 համեմատական, այդ թվում՝ վերլուծական տեղեկանք ՀՀ 2022 թվականի տարեկան եւ 2023 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեներով նախատեսված հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հավաքագրման ընթացքի վերաբերյալ:

Պատրաստել է համեմատական-վերլուծական 24 տեղեկանք ՀՀ 2021-2023 թվականների սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների, 132 համեմատական-վերլուծական տեղեկանք ՀՀ 2023 թվականի պետական պարտքի եւ 11 համեմատական վերլուծական տեղեկանք ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված եւ ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների վերաբերյալ:

ԱԺ մշտական հանձնաժողովներին ու շահառու պատգամավորներին ներկայացվել է 26 դիտարկում եւ հարցադրում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությամբ 5 բյուջետային գլխավոր կարգադրիչների բյուջետային ծրագրերի վերաբերյալ:

 

2023 թվականի ինն ամիսներին Բյուջետային գրասենյակը ՄԱԶԾ-ի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի եւ ԱՄՆ ՄԶԳ «Հանրային ֆինանսների կառավարման» ծրագրի աջակցությամբ ու ԱԺ պատգամավորների, խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների փորձագետների համար կազմակերպել է աշխատաժողով «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը՝ շեշտադրելով ծրագրային, գենդերազգայուն եւ ԿԶՆ բյուջետավորման հարցերը» թեմայով:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ փորձ է արվում ավելացնել բյուջետային գրասենյակի կարողությունները՝ ներգրավելով համապատասխան փորձագետներ ոլորտային կառույցներից:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:

 

Հանձնաժողովը քվեարկությամբ որոշել է փետրվարի 26-ին` «Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով հրավիրել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

 

  • Կիսվել: